ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 29 օգոստոսի 1996 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի, մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Շ. Պետրոսյանի, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի, դռնբաց նիստում քննեց 1995 թվականի դեկտեմբերի 16-ին Երեւանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու վերաբերյալ։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Շ. Պետրոսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ստորագրվել է 1995 թվականի դեկտեմբերի 16-ին Երեւանում։ Այն ունի հավելված, որը հանդիսանում է դրա անբաժանելի մասը։ Համաձայնագիրը կազմված է երկու օրինակից՝ յուրաքանչյուրը հայերեն, բելառուսերեն եւ ռուսերեն, որոնք համազոր են։ Այն կնքված է անորոշ ժամկետով։

Համաձայնագիրը ենթակա է գրանցման Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում։

Դրա գործողությունը կարող է դադարեցվել կողմերի նախաձեռնությամբ, համաձայնագրով նախատեսված հատուկ կարգով։

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը եւ Բելառուսի Հանրապետությունը նախապես որոշված երթուղիներով միմյանց միջազգային կանոնավոր չվագծեր սահմանելու եւ շահագործելու իրավունք են տրամադրում։ Կողմերն իրավունք են ստանում անվայրէջք թռիչքներ կատարել միմյանց տարածքի վրայով, վայրէջք կատարել մյուս Կողմի տարածքում։ Պայմանագրային չվագծերի շահագործման նպատակով Կողմերն իրավունք ունեն նշանակելու ավիաընկերություններ, որոնց մյուս Կողմը պարտավոր է տրամադրել թռիչքների համապատասխան թույլտվություն։

Համաձայնագրով կարգավորվում են ուղեւորների, ուղեբեռների եւ բեռների ուղիղ տարանցիկ փոխադրման կարգը, պայմանագրային չվագծերի անվտանգ շահագործման պայմանները, սկզբունքները եւ միջոցները, սակագների, մաքսատուրքերի չափերը, եկամուտների փոխանցման կարգը։

Պայմանագրային չվագծերի շահագործումն ապահովելու համար Կողմերն ավիաընկերություններին իրավունք են վերապահում միմյանց տարածքում բացել ներկայացուցչություններ՝ անհրաժեշտ վարչական, առեւտրական եւ տեխնիկական անձնակազմով։

Ըստ համաձայնագրի Կողմերը պարտավորվում են միմյանց անհրաժեշտ օգնություն ցույց տալ կանխելու օդանավերի ապօրինի գրավման գործողությունները եւ օդանավերի, դրանց ուղեւորների, անձնակազմերի, օդանավակայանների անվտանգության դեմ ուղղված անօրինական այլ ոտնձգությունները, ինչպես նաեւ քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաս-տանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին 1995 թվականի դեկտեմբերի 16-ին Երեւանում ստորագրված՝ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

29 օգոստոսի 1996 թվականի
ՍԴՈ-15

print page Տպել էջը