ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 6 սեպտեմբերի 1996 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի, մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավապայմանագրային վարչության պետ Շ. Ավագյանի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով եւ 56 հոդվածով, դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի միջեւ բարեկամության եւ համագործակցության մասին 1996 թվականի մայիսի 14-ին Երեւանում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի միջեւ բարեկամության եւ համագործակցության մասին 1996 թվականի մայիսի 14-ին Երեւանում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու վերաբերյալ։

Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի զեկուցումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Շ. Ավագյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագրի բովանդակությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի միջեւ բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագիրն ստորագրվել է 1996 թվականի մայիսի 14-ին Երեւանում։ Ըստ պայմանագրի Կողմերը, համարելով, որ իրենց միջեւ բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը համապատասխանում են երկու պետությունների ժողովուրդների արմատական շահերին, առաջնորդվելով անկախության, պետական ինքնիշխանության եւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների եւ ազատությունների հարգման եւ միջազգային իրավունքի այլ հանարաճանաչ նորմերով եւ սկզբունքներով, պարտավորվում են, մասնավորապես, ձեռնպահ մնալ մյուս Կողմի դեմ ուղղված որեւէ գործողությունների մասնակցելուց կամ դրանց աջակցելուց, թույլ չտալ իր տարածքն օգտագործելու մյուս կողմի դեմ ագրեսիա կամ բռնի այլ գործողություններ նախապատրաստելու եւ իրականացնելու նպատակով։ Կողմերից յուրաքանչյուրը պաշտպանում է մյուս Կողմի տարածքում բնակվող իր քաղաքացիների իրավունքները, հովանավորություն եւ աջակցություն է ցույց տալիս նրանց՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Կողմերն իրենց տարածքում ապահովում են ազգային փոքրամասնությունների էթնիկական, մշակութային, լեզվական ու կրոնական ինքնատիպությունը եւ պայմաններ ստեղծում այն պահպանելու եւ զարգացնելու համար։

Կողմերը պարտավորվում են նաեւ իրավահավասար եւ փոխշահավետ համագործակցություն ծավալել բարեկամական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, շրջակա միջավայրի պահպանության, հանցագործությունների դեմ պայքարի եւ այլ ոլորտներում։ Կողմերն անհրաժեշտ են համարում այդ ոլորտներում համագործակցության առանձին համաձայնագրեր կնքել։ Կողմերը տարեկան առնվազն մեկ անգամ, հերթականությամբ՝ Երեւանում եւ Կիեւում կանցկացնեն պայմանագրի կատարման հարցերին վերաբերող խորհրդակցություններ եւ բանակցություններ։

Պայմանագրի մեկնաբանման եւ կիրառման առնչությամբ ծագած վեճերը ենթակա են լուծման Կողմերի բանակցությունների միջոցով։ Պայմանագիրը ենթակա է վավերացման եւ ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակման օրը։

Պայմանագիրը կնքվում է 5 տարի ժամկետով։ Սահմանվում է պայմանագրի գործողության երկարացման կարգը։

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաեւ, որ պայմանագրի առանձին հոդվածներում տեղ են գտել ձեւակերպումների անճշտություններ եւ սխալներ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի միջեւ բարեկամության եւ համագործակցության մասին 1996 թվականի մայիսի 14-ին Երեւանում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


6 սեպտեմբերի 1996 թվականի
ՍԴՈ-20

print page Տպել էջը