ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ 1971 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 6 սեպտեմբերի 1996 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի, մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Շ. Պետրոսյանի, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի, դռնբաց նիստում քննեց «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Շ. Պետրոսյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին կոնվենցիան ստորագրվել է 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել, բայց միացման համար բաց է եւ յուրաքանչյուր երկիր ցանկացած ժամանակ կարող է միանալ։

Կոնվենցիան բաղկացած է 16 հոդվածից, որոնք մասնավորապես սահմանում են, թե պայմանավորվող պետությունները քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված որ գործողություններն են համարում հանցագործություններ եւ ինչ միջոցներ են պարտավորվում կիրառել դրանք կանխելու եւ հանցագործներին պատժելու համար։

Կոնվենցիայի մասնակից պետությունները 1988 թվականի փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրել են Միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդակայաններում բռնության ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին արձանագրություն, որը կոնվենցիայի 1 հոդվածում ավելացնում է 1 «բիս» եւ 5 հոդվածում՝ 2 «բիս» նոր կետեր։ Այդ կետերի համաձայն հանցագործություններ են համարվում ոչ միայն թռիչքի ժամանակ կամ շահագործման մեջ գտնվող օդանավի նկատմամբ կատարված ապօրինի եւ կանխամտածված գործողությունները, այլեւ միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդակայանում անձի առողջությանը կամ կյանքին սպառնացող բռնի գործողություններն ու օդակայանի սարքավորումների եւ կառույցների ոչնչացումը կամ էական վնասումը, եթե այդ գործողությունն սպառնում է անվտանգությանը օդակայանում։ Արձանագրության 1 հոդվածը սահմանում է, որ Կողմերը կոնվենցիան եւ արձանագրությունը դիտում եւ մեկնաբանում են որպես միասնական փաստաթուղթ։ Կոնվենցիային միանալու հետ միաժամանակ հնարավոր է վավերացնել արձանագրությունը։

Կոնվենցիային միանալու նպատակն է համագործակցել այլ պետությունների հետ քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման եւ հանցագործներին պատժելու գործում։

Կոնվենցիան Կողմերին պարտավորեցնում է քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար կիրառել խիստ պատժամիջոցներ, իր տարածքում գտնվող հանցագործին կամ ենթադրյալ հանցագործին համապատասխան հանգամանքների առկայության դեպքում իր օրենսդրությամբ սահմանված կարգով կալանավորել կամ կիրառել խափանման այլ միջոց եւ անմիջապես կատարել փաստերի նախնական քննություն, աջակցել կալանքի տակ գտնվող անձին անմիջական կապ հաստատելու այն պետության մոտակա ներկայացուցչի հետ, որի քաղաքացին նա հանդիսանում է, ինչպես նաեւ կալանքի եւ դրա համար հիմք ծառայած հանգամանքների մասին հաղորդել շահագրգռված պետություններին։ Կոնվենցիայի Կողմերը միաժամանակ պարտավորվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը ծանուցել օդանավի գրանցման մասին, նշված կազմակերպության Խորհրդին հնարավոր կարճ ժամկետում հաղորդել նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին ունեցած տեղեկատվությունը, ձգտել կիրառել այդ հանցագործությունների կանխման համար գործնականում իրագործելի բոլոր միջոցները, այդպիսի հանցագործությունների քննության ընթացքում միմյանց ցուցաբերել անհրաժեշտ իրավական օգնություն, ինչպես նաեւ, եթե հանցագործության հետեւանքով թռիչքը հետաձգվում կամ ընդհատվում է, օգնություն ցույց տալ անձնակազմին եւ ուղեւորներին, օդանավը եւ բեռն առանց ձգձգելու վերադարձնել տիրոջը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաս-տանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիայում եւ ի լրումն այդ կոնվենցիայի՝ 1988 թվականի փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրված Միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդակայաններում բռնության ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


6 սեպտեմբերի 1996 թվականի
ՍԴՈ-21

print page Տպել էջը