ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 27 նոյեմբերի 1996թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Վ. Շիրխանյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 101 հոդվածի 1 կետով եւ 102 հոդվածով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով եւ 56 հոդվածով,

դռնբաց նիստում քննեց "Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանյան Դաշնության պաշտպանության նախարարության մանկական նախադպրոցական հիմնարկներ ստեղծելու մասին 1996 թվականի հունվարի 26-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ" գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանյան Դաշնության պաշտպանության նախարարության մանկական նախադպրոցական հիմնարկներ ստեղծելու մասին 1996 թվականի հունվարի 26-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու վերաբերյալ։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Շիրխանյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագրի բովանդակությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանյան Դաշնության պաշտպանության նախարարության մանկական նախադպրոցական հիմնարկներ ստեղծելու մասին համաձայնագիրն ստորագրվել է 1996 թվականի հունվարի 26-ին Մոսկվայում։

Ըստ համաձայնագրի Ռուսաստանյան կողմը կազմակերպում եւ պահում է երեք մանկական նախադպրոցական հիմնարկ, երկուսը՝ Գյումրիում, մեկը՝ Երեւանում։

Հայկական կողմը այդ հիմնարկներին ժամանակավոր օգտագործման համար հանձնում է անհրաժեշտ շինություններ եւ պարտավորվում է ապահովել դրանք էլեկտրաէներգիայով, ջերմաջրամատակարարումով՝ Ռուսաստանյան կողմի միջոցների հաշվին։

Մանկական նախադպրոցական հիմնարկներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Ռուսաստանյան Դաշնության օրենսդրությամբ։

Մանկական նախադպրոցական հիմնարկներ ընդունվում են ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների եւ քաղաքացիական անձնակազմի երեխաները։

Այդ հիմնարկների ֆինանսավորումն իրականացնում է Ռուսաստանյան կողմը։

Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց հետո մանկական նախադպրոցական հիմնարկների շարժական եւ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի հարցը որոշվում է Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանյան ռազմակայանի մասին Ռուսաստանյան Դաշնության եւ Հայաստանի Հարապետության միջեւ 1995 թվականի մարտի 16-ին Մոսկվայում կնքված պայմանագրին համապատասխան։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանյան Դաշնության պաշտպանության նախարարության մանկական նախադպրոցական հիմնարկներ ստեղծելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27 նոյեմբերի 1996 թվականի
ՍԴՈ-33

print page Տպել էջը