ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 16 ապրիլի 1996թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Է. Զուլոյանի, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց "Հայաստանի Հանրապետության եւ Հնդկաստանի Հանրապետության միջեւ բարեկամության եւ համագործակցության վերաբերյալ պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին" գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության եւ Հնդկաստանի Հանրապետության միջեւ բարեկամության եւ համագործակցության վերաբերյալ պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու մասին։

Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Զուլոյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը, ներկայացված տեղեկանքը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության եւ Հնդկաստանի Հանրապետության միջեւ բարեկամության եւ համագործակցության վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է 1995 թվականի դեկտեմբերի 14-ին Դելիում։

Պայմանագրով նախատեսվում է կողմերի համագործակցությունը խաղաղությունը վտանգող իրադրության պայմաններում։

Ըստ պայմանագրի Կողմերը պարտավորվում են զարգացնել համագործակցությունը միջազգային տնտեսական համակարգի շրջանակներում։

Կողմերը կզարգացնեն նաեւ փոխշահավետ համագործակցություն էկոնոմիկայի, արդյունաբերության, գիտության եւ տեխնիկայի բնագավառներում։ Կողմերը կփոխանակեն տեղեկատվություն իրենց երկրներում իրականացվող տնտեսական բարեփոխումների ընթացքի եւ ուղղությունների մասին։

Պայմանագրով նախատեսվում է Կողմերի համագործակցությունը հիմնարար եւ կիրառական հետազոտությունների, մշակույթի, գիտության, կրթության եւ զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական ապահովության, առողջապահության, զբոսաշրջիկության եւ սպորտի բնագավառներում, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պահպանության, միջսահմանային աղտոտումների կանխման, միջուկային եւ տարերային աղետների հետեւանքների նվազեցման եւ վերացման, բնական պաշարների արդյունավետ օգտագործման, բնապահպանական եւ վերականգնողական միջոցառումների անցկացման գործում։ Պայմանագրով նախատեսվում է նաեւ Կողմերի համագործակցությունն ահաբեկչության, թմրանյութերի եւ զենքի անօրինական շրջանառության, դրամանիշերի, պետական եւ այլ արժեթղթերի կեղծումների, մաքսանենգության դեմ պայքարի բնագավառներում։

Կողմերը պարտավորվում են պայմաններ ստեղծել միմյանց տարածքում մշտապես բնակվող իրենց քաղաքացիների էթնիկական, լեզվական, մշակութային եւ կրոնական առանձնահատկությունների պահպանման ու զարգացման համար, ինչպես նաեւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հյուպատոսական որոշ ծառայությունների կարգի պարզեցման ուղղությամբ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Հնդկաստանի Հանրապետության միջեւ բարեկամության եւ համագործակցության վերաբերյալ պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

16 ապրիլի 1996 թվականի
ՍԴՈ-4

print page Տպել էջը