ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՃՅՈՒՂԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 28 հունվարի 1997թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վ.Ավանեսյանի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով եւ 56 հոդվածով,

դռնբաց նիստում քննեց "Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ձեռնարկությունների ու ճյուղերի միջեւ արտադրական կոոպերացիայի զարգացմանն աջակցելու ընդհանուր պայմանների ու մեխանիզմի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ" գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ձեռնարկությունների ու ճյուղերի միջեւ արտադրական կոոպերացիայի զարգացմանն աջակցելու ընդհանուր պայմանների ու մեխանիզմի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու վերաբերյալ։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Ավանեսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ձեռնարկությունների ու ճյուղերի միջեւ արտադրական կոոպերացիայի զարգացմանն աջակցելու ընդհանուր պայմանների ու մեխանիզմի մասին համաձայնագիրն ստորագրվել է 1993 թվականի դեկտեմբերի 23-ին՝ Աշգաբադում։

Համաձայնագիրը կնքվել է անսահմանափակ ժամկետով։

Համաձայնագրի նպատակն է պահպանել եւ համակողմանիորեն զարգացնել արտադրական կոոպերացիայի ոլորտում անդամ պետությունների միջեւ ձեւավորված տնտեսական կապերը։

Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են գործուն միջոցներ կիրառել սեփականության բոլոր ձեւերի ձեռնարկությունների միջեւ արտադրական կոոպերացիայի եւ մասնագիտացման խորացման ուղղությամբ եւ աջակցել համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը։

Ըստ համաձայնագրի արտադրական կոոպերացիայի ոլորտում համագործակցությունը պետք է կարգավորվի տնտեսական սուբյեկտների միջեւ կնքված պայմանագրերով։

Համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում 1994 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում կնքված "ԱՊՀ մասնակից պետությունների ձեռնարկությունների եւ ճյուղերի միջեւ արտադրական կոոպերացիայի զարգացմանն աջակցելու ընդհանուր պայմանների ու մեխանիզմի մասին համաձայնագրի իրականացման մեխանիզմի մասին" արձանագրությունը։

Արձանագրությունն ստորագրվել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ձեռնարկությունների ու ճյուղերի միջեւ արտադրական կոոպերացիայի զարգացմանն աջակցելու ընդհանուր պայմանների ու մեխանիզմի մասին համաձայնագրի իրականացման արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու նպատակով։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ձեռնարկությունների ու ճյուղերի միջեւ արտադրական կոոպերացիայի զարգացմանն աջակցելու ընդհանուր պայմանների ու մեխանիզմի մասին 1993 թվականի դեկտեմբերի 23-ին Աշգաբադում ստորագրված համաձայնագրում եւ դրա անբաժանելի մասը կազմող արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

28 հունվարի 1997 թվականի
ՍԴՈ-35

print page Տպել էջը