ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի «ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 18 ապրիլի 1997թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ս. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Միավորված ազգերի կազմակերպության 1994 թվականի հունիսի 17-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ Միավորված ազգերի կազմակերպության 1994 թվականի հունիսի 17-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու վերաբերյալ։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ս. Ավետիսյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Միավորված ազգերի կազմակերպության 1994 թվականի հունիսի 17-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի նպատակն է միջազգային համագործակցության եւ ընկերակցության մասին համաձայնագրերի հիման վրա եւ համալիր մոտեցման շրջանակներում պայքարել անապատացման դեմ եւ մեղմացնել երաշտի հետեւանքներն այն երկրներում, որտեղ կան երաշտի եւ անապատացման երեւույթներ։ Նախատեսվում է մշակել երկարաժամկետ համալիր ռազմավարություն՝ նշված տարածաշրջանների համար, որն ուղղված կլինի ինչպես հողերի բերրիության բարձրացմանը, այնպես էլ հողային ու ջրային ռեսուրսների վերականգնմանը, պահպանմանը եւ կայուն ու ռացիոնալ օգտագործմանը։

Այդ նպատակներին հասնելու համար կոնվենցիան նախատեսում է գործողությունների ազգային եւ տարածաշրջանային ծրագրերի մշակում, համապատասխան տեղեկատվության փոխանակում, ֆինանսական ռեսուրսների հավաքագրման եւ օգտագործման մեխանիզմներ եւ այլն։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Միավորված ազգերի կազմակերպության 1994 թվականի հունիսի 17-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

18 ապրիլի 1997 թվականի
ՍԴՈ - 52

print page Տպել էջը