ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 23 մայիսի 1997թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Դարբինյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջեւ գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջեւ գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու մասին։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Դարբինյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջեւ գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1996 թվականի ապրիլի 22-ին՝ Լյուքսեմբուրգ քաղաքում, տասը տարի նախնական գործողության ժամկետով։ Գործողության ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն տարի, քանի դեռ Կողմերից որեւէ մեկը դրա ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի տեղեկացնի համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին։

Համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունը Կողմերի միջեւ՝ տնտեսական կյանքի տարբեր բնագավառներում։ Պայմանավորվող կողմերը համաձայնել են համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են. կանոնավոր քաղաքական երկխոսության հաստատումը, ապրանքային առեւտուրը, ձեռնարկատիրական գործունեությունը եւ ներդրումները, ապօրինի գործողությունների եւ անօրինական ներգաղթի կանխման ու վերահսկման հարցերով համագործակցությունը, տեխնիկական օգնության բնագավառում ֆինանսական համագործակցությունը։ Համաձայնագրի Կողմերը պարտավորվել են համագործակցել նաեւ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, մաքսային, շրջակա միջավայրի պահպանության, սոցիալական ոլորտները եւ այլն։

Համաձայնագիրը նպատակ ունի նաեւ բարենպաստ պայմաններ ստեղծել մի Կողմի քաղաքացիների ու ընկերությունների համար՝ մյուս Կողմի անդամ պետությունների տարածքում կապիտալ ներդրումներ իրականացնելիս։

Համաձայնագրի առանձնահատկությունն այն է, որ մեկ փաստաթղթով Հայաստանի Հանրապետության եւ մեծ թվով եվրոպական պետությունների միջեւ միջպետական հարաբերությունների տարբեր ոլորտներում սահմանվում է բարենպաստության ռեժիմ։

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջեւ գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագրի եւ գործում առկա մյուս փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի պահանջներից, համաձայն որի «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով»։

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաեւ, որ համաձայնագրի 4, 29, 30, 32 եւ մի շարք այլ հոդվածներում, ինչպես նաեւ հավելվածներում տեղ են գտել ոչ հստակ ձեւակերպումներ եւ այլ լեզուներով կազմված տեքստերի հետ անհամապատասխանություններ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջեւ գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

23 մայիսի 1997 թվականի
ՍԴՈ - 57

print page Տպել էջը