ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

«ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ» ԵՎ «ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԱՍՊԵԿՏՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 14 նոյեմբերի 1997 թվականի

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Գ. Մարտիրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց ««Էներգետիկ խարտիայի պայմանագրում» եւ «Էներգետիկ խարտիային առընթեր էներգետիկ արդյունավետության հարցերի եւ էկոլոգիական հարակից ասպեկտների արձանագրությունում» ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ նշված պայմանագրում եւ արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45 եւ 65 հոդվածների պահանջներով, սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշում է ընդունել միավորել եւ դատարանի նույն նիստում քննել նշված երկու միջազգային պայմանագրերի վերաբերյալ գործերը։

Լսելով գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմա-նադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Մարտիրոսյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը, արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

«Էներգետիկ խարտիայի պայմանագիրը» եւ «Էներգետիկ խարտիային առընթեր էներգետիկ արդյունավետության հարցերի եւ էկոլոգիական հարակից ասպեկտների արձանագրությունը» ստորագրվել են 1994 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Լիսաբոնում։ Պայմանագրի անբաժանելի մասն են համարվում 14 հավելված եւ Էներգետիկ խարտիայի 1994 թվականի դեկտեմբերի 17-ի կոնֆերանսի Եզրափակիչ ակտի երկրորդ հավելվածում զետեղված որոշումները։

Սույն պայմանագրով Էներգետիկ խարտիայի նպատակներին եւ սկզբունքներին համապատասխան սահմանվում են էներգետիկայի բնագավառում երկարատեւ համագործակցության համար անհրաժեշտ իրավադրույթներ։ Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են աջակցել էներգետիկ նյութերի եւ արտադրանքի բաց ու մրցակցային շուկայի զարգացմանը։

Պայմանագիրը դրույթներ է պարունակում էներգետիկ ոլորտում առեւտրի, տարանցիկ փոխադրումների, կապիտալ ներդրումների, դրանց հետ կապված վեճերի կարգավորման վերաբերյալ։

Պայմանագրի Կողմերը պարտավորվում են էներգետիկայի բնագավառում ներդրումների համար ստեղծել բարենպաստ եւ կայուն պայմաններ, ապահովել կապիտալ ներդրումների պաշտպանությունը։ Պայմանագրի մասնակից երկրների ներդրողները ըստ պայմանագրի 10(7) հոդվածի իրավունք ունեն օգտվելու ոչ պակաս բարենպաստ պայմաններից, քան սահմանված են տեղի ներդրողների համար։

Գործը քննության նախապատրաստելու ընթացքում ստացվել է Էներգետիկ խարտիայի կոնֆերանսի գլխավոր քարտուղարի պարզաբանումներն այն մասին, որ պայմանագրի շուրջ բանակցությունների ոչ մի փուլում հարց չի առաջացել, որ 10(7) հոդվածը ենթադրում է հողի ձեռքբերման հնարավորություն։ Այն երկրները, որոնք Սահմանադրությամբ եւ օրենքներով օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց հողի սեփականության իրավունք չեն վերապահում, այդ հանգամանքը նախաներդրումային փուլում կարող են արտացոլել լրացուցիչ պայմանագրում, որի շուրջ ներկայումս բանակցություններ են ընթանում։

Պայմանագրով կարգավորվում են նաեւ շրջակա միջավայրի վրա էներգետիկ համակարգերի ազդեցության հարցերը, եւ Կողմերը պարտավորվում են լիովին հաշվի առնել էկոլոգիական պահանջները եւ ծախսերը։

Արձանագրությունը սահմանում է էներգետիկ արդյունավետության բարձրացմանը եւ էներգետիկ համակարգերի վնասակար էկոլոգիական ազդեցության նվազեցմանը նպաստող համագործակցության սկզբունքները։

Ե՛վ պայմանագրով, ե՛ւ արձանագրությամբ սահմանվում են նաեւ Էներգետիկ խարտիայի կոնֆերանսի դերը, լիազորությունները եւ գործունեության կարգը։

Պայմանագրի եւ արձանագրության դրույթների անհամապատասխանության դեպքում գերակայություն ունեն պայմանագրի դրույթները։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. «Էներգետիկ խարտիայի պայմանագրում» ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. «Էներգետիկ խարտիային առընթեր էներգետիկ արդյունավետության հարցերի եւ էկոլոգիական հարակից ասպեկտների արձանագրությունում» ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

14 նոյեմբերի 1997 թվականի
ՍԴՈ - 67

print page Տպել էջը