ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 14 նոյեմբերի 1997թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ.Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Ս.Սարգսյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով եւ 56 հոդվածով,

դռնբաց նիստում քննեց «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ զորքերի զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների եւ քաղաքացիական անձնակազմի առողջարանային բուժման եւ կազմակերպված հանգստի կազմակերպման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան՝ հիշյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու վերաբերյալ։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգըսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են սահմանապահ զորքերի զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, քաղաքացիական անձնակազմի առողջարանային բուժումն ու հանգիստն անցկացնել Կողմերի սահմանապահ զորքերի եւ այլ գերատեսչությունների բուժառողջարանային հաստատություններում՝ հաշվի առնելով Կողմերի օրենսդրական եւ այլ նորմատիվ ակտերով սահմանված արտոնությունները։

Կողմերը պարտավորվում են առողջարանային հանգստի եւ բուժման մեջ գտնվող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին, քաղաքացիական անձնակազմին ցույց տալ անհապաղ եւ անհատույց բժշկական օգնություն։

Համաձայնագրով նախատեսված են առաջացող վեճերի լուծման կարգը եւ համաձայնագրի գործողության ժամկետը։

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստորագրել է հատուկ կարծիքով՝ առաջարկել է հանել 4 հոդվածը, իսկ 11 հոդվածը շարադրել է հետեւյալ խմբագրությամբ. «Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգի կատարման մասին ծանուցումներն ավանդապահին պահպանման հանձնելու օրվանից»։ 11 հոդվածի վերաբերյալ նման վերապահումը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6 հոդվածի 5-րդ մասի պահանջներից։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ զորքերի զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների եւ քաղաքացիական անձնակազմի առողջարանային բուժման եւ կազմակերպված հանգստի կազմակերպման մասին 1996 թվականի հոկտեմբերի 18-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները (ներառյալ 4 հոդվածը) համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


14 նոյեմբերի 1997 թվականի
ՍԴՈ - 68

print page Տպել էջը