ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 6 հոկտեմբերի 1998 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Գ. Նանագուլյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանադայի կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Նանագուլյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանադայի կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի մայիսի 8-ին Օտավայում՝ Կողմերի տարածքում գործարար նախաձեռնությունների խթանման եւ այդ պետությունների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման նպատակով մի Կողմի ներդրողների ներդրումները մյուս Կողմի տարածքում խրախուսելու եւ պաշտպանելու համար:

Համաձայնագրով յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի կատարած ներդրումներին կամ եկամուտներին պարտավորվում է տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան կտրամադրի ցանկացած երրորդ երկրի ներդրողների կատարած ներդրումներին կամ եկամուտներին:

Ըստ դիմող կողմի, համաձայնագրի 8 հոդվածի վերնագիրը պետք է հասկանալ «Օտարում», իսկ այդ հոդվածի առաջին նախադասության տակ նկատի ունենալ՝ «որեւէ Պայմանավորվող կողմի ներդրողների կատարած ներդրումները կամ եկամուտները պետության եւ հասարակության կարիքներից ելնելով չեն կարող օտարվել, բացառությամբ այն դեպքերի, երբ դա իրականացվում է օրենքի հիման վրա՝ նախապես համարժեք փոխհատուցմամբ»:

Համաձայնագրով Կողմերը երաշխավորում են ներդրումների հետ կապված վճարումների ազատ փոխադրումը:

Համաձայնագրում մանրամասնված է առաջացած տարաձայնությունների լուծման ընթացակարգը:

Համաձայնագիրն ունի հավելված, որում Կանադայի կառավարությունն իրեն իրավունք է վերապահում մի շարք բնագավառներում կատարել բացառություններ համաձայնագրի 4 հոդվածի 2 կետի «դ» ենթակետում սահմանված ազգային ռեժիմից:

Ելնելով գործի քննության արդյունքներից, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայնագիրը նպաստում է հայ-կանադական միջպետական տնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը, ապահովելով նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8, 9 եւ 28 հոդվածների պահանջների կատարումը,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանադայի կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին 1997 թվականի մայիսի 8-ին Օտավայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

6 հոկտեմբերի 1998 թվականի
ՍԴՈ - 129

print page Տպել էջը