ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 71 ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 93 ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 38 ԵՎ 39 ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 13 նոյեմբերի 1998 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Վ. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 55 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Ազգային ժողովի կողմից 1996 թվականի ապրիլի 30-ին ընդունված «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածի 8 -րդ կետի եւ 93 հոդվածի 4 -րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 38 եւ 39 հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դ. Հարությունյանի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչ Վ. Նազարյանի բացատրությունները, հետազոտելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1996 թվականի ապրիլի 30-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 1996 թվականի մայիսի 7-ին, պաշտոնական հրապարակվել 1996 թվականի մայիսի 15-ին եւ ուժի մեջ մտել հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահը, Սահմանադրության 55 հոդվածի 2 կետով նախատեսված կարգով, օրենքի վերաբերյալ առարկություններ կամ առաջարկություններ չի ունեցել:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրության համաձայն քննության առարկա օրենքի 71 հոդվածի 8-րդ կետը սահմանափակում է մարդու իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը, իսկ 93 հոդվածի 4-րդ կետը՝ նմանատիպ ենթադրության տեղիք է տալիս:

3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունող մարմնի՝ Ազգային ժողովի ներկայացուցիչ Վ. Նազարյանի կարծիքով օրենքի 71 հոդվածի 8-րդ կետը, խմբագրական հստակեցման անհրաժեշտություն ունենալով հանդերձ, չի հակասում ՀՀ Սահմանադրության 38 եւ 39 հոդվածներին: ՀՀ Սահմանադրության հիշյալ հոդվածներին չի հակասում նաեւ օրենքի 93 հոդվածի 4-րդ կետը:

4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածը վերնագրված է՝ «Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումները»: Հոդվածում ամրագրված են բաժնետերերի ընդհանուր ժողովում ձայնի իրավունքից օգտվող բաժնետերերի շրջանակը, ընդհանուր ժողովում որոշումների ընդունման, այդ որոշումների մասին բաժնետերերին տեղեկությունների հաղորդման կարգը, ինչպես նաեւ բաժնետիրոջ իրավունքը՝ որոշակի սահմանված դեպքերում դատական կարգով գանգատարկելու ընդհանուր ժողովի ընդունած որոշումները:

Օրենքի վիճարկվող 71 հոդվածի 8-րդ կետում մասնավորապես ասվում է, որ՝ «Բաժնետերն իրավունք ունի դատական կարգով գանգատարկել սույն օրենքի, այլ իրավական ակտերի եւ ընկերության կանոնադրության պահանջների խախտմամբ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշումը, եթե նա չի մասնակցել ժողովին կամ այդ որոշման դեմ է քվեարկել եւ որոշմամբ խախտվել են նրա օրինական շահերը եւ իրավունքները: Դատարանն իրավունք ունի ուժի մեջ թողնել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, եթե բաժնետերերի քվեարկության մասնակցելը չէր կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, թույլ տված խախտումները էական չեն եւ որոշումը վնաս չի պատճառել բաժնետիրոջը»:

Օրենքի 93 հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ՝ «Ընկերությունը կամ ընկերության այն բաժնետերը (բաժնետերերը), որը (որոնք համատեղ) տնօրինում է (են) ընկերության տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի մեկ եւ ավելի տոկոսին, իրավունք ունի (ունեն) ընկերության խորհրդի անդամների, ընկերության գործադիր տնօրենի, ընկերության վարչության անդամների, ինչպես նաեւ կառավարիչ կազմակերպության եւ անհատ կառավարչի դեմ հայցով դիմել դատարան՝ ընկերությանը պատճառված վնասների փոխհատուցման պահանջով»:

5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 38 հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իր իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունք»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39 հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաեւ իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունք»:

Մարդու՝ Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իրավունքների եւ ազատությունների լիակատար եւ համապարփակ պաշտպանության կարեւոր երաշխիք է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 38 հոդվածով նախատեսված դատական պաշտպանության իրավունքը:

Ելնելով միջազգային իրավունքի նորմերից եւ սկզբունքներից, առաջնային համարելով մարդու անօտարելի իրավունքները եւ հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի երկրորդ մասը, առանց բացառության, ամրագրում է յուրաքանչյուր մարդու՝ Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունքը, ՀՀ Սահմանադրությունն այդ իրավունքի սահմանափակման հնարավորություն է նախատեսել միայն Սահմանադրության 45 հոդվածի հիմքերով:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45 հոդվածն ընդհանրապես արգելում է որեւէ կերպ սահմանափակել յուրաքանչյուր անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39 հոդվածում ամրագրված իրավունքը:

6. Օրենքի վիճարկվող 71 հոդվածի 8-րդ կետը, ի հակադրություն Սահմանադրության 38 հոդվածի երկրորդ մասի, 39 եւ 45 հոդվածների, բաժնետերերի դատական պաշտպանության իրավունքը սահմանափակում է բաժնետերերի ժողովին չմասնակցելու, ժողովի որոշման դեմ քվեարկելու հանգամանքներով:

7. Օրենքի վիճարկվող 93 հոդվածի 4-րդ կետը ընկերության տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի մեկ տոկոսից պակաս բաժնետոմսեր տնօրինող բաժնետիրոջը զրկում է ընկերության խորհրդի անդամների, ընկերության գործադիր տնօրենի, ընկերության վարչության անդամների, ինչպես նաեւ կառավարիչ կազմակերպության եւ անհատ կառավարչի դեմ ոչ թե իրեն՝ որպես ֆիզիկական անձի, այլ ընկերությանը պատճառված վնասների փոխհատուցման պահանջի վերաբերյալ հայցով դատարան դիմելու իրավունքից:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետով, 55, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածի 8-րդ կետի նախապայմաններ սահմանող՝ «... նա չի մասնակցել ժողովին կամ այդ որոշման դեմ է քվեարկել» դրույթը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 38 եւ 39 հոդվածներին:

2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 93 հոդվածի 4-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

13 նոյեմբերի 1998 թվականի
ՍԴՈ - 138

print page Տպել էջը