ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ -ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 6 փետրվարի 1998թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ սահմանադրական դատարան հրավիրված՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարի տեղակալ Գ. Սայադյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական-մշակութային կենտրոնների հիմնման եւ գործունեության պայմանների մասին 1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, նիստին հրավիրված՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարի տեղակալ Գ. Սայադյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական-մշակութային կենտրոնների հիմնման եւ գործունեության պայմանների մասին համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին՝ Մոսկվայում։ Համաձայնագրի նպատակն է հումանիտար, մշակութային, գիտատեխնիկական ու տեղեկատվական երկկողմ կապերի զարգացումը։

Ըստ համաձայնագրի փոխադարձաբար ստեղծվում են Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոն՝ Երեւանում, եւ Հայաստանի մշակութային-տեղեկատվական կենտրոն՝ Մոսկվայում։

Կենտրոնների հիմնական խնդիրներն են մասնակցությունը հումանիտար, գիտատեխնիկական, մշակութային եւ տեղեկատվական կապերի բնագավառում միջազգային փոխգործակցության ծրագրերի իրականացմանը, փոխադարձ ծանոթացումն իրենց երկրների պատմությանն ու մշակույթին, երկու երկրների գիտատեխնիկական ու մշակութային համագործակցության ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, տուրիզմի եւ սպորտի բնագավառներում շփումների զարգացումը եւ այլն։

Համաձայնագիրն ստորագրված է 5 տարի ժամկետով, փոխադարձ համաձայնությամբ Կողմերն իրավասու են այն երկարաձգելու։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական-մշակութային կենտրոնների հիմնման եւ գործունեության պայմանների մասին 1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

6 փետրվարի 1998 թվականի

ՍԴՈ-87

print page Տպել էջը