ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

«ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 17 փետրվարի 1998թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Հ. Քոչինյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան՝ նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ արդյունաբերության նախարար Գ. Նանագուլյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

«Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին» համաձայնագիրը ստորագրվել է ԱՊՀ բոլոր անդամ-պետությունների միջեւ 1994 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում, նպատակ ունենալով ձեւավորել պայմաններ ապրանքների եւ ծառայությունների ազատ շարքի համար, ապահովել մասնակից պետությունների փոխադարձ առեւտրի հաշվեկշռվածությունը տնտեսական վիճակի կայունացումը, եւ բնակչության կենսամակարդակի մշտական բարձրացումը։

Համաձայնագրի նպատակներին հասնելու համար Պայմանավորվող կողմերը մասնավորապես, պարտավորվում են միջոցներ ձեռնարկել փոխադարձ առեւտրում մաքսատուրքերի, համարժեք ներգործություն ունեցող հարկերի եւ գանձումների աստիճանական վերացման, առեւտրական գործառնությունների գծով փոխադարձ հաշվարկների եւ վճարումների արդյունավետ համակարգի ստեղծման, տնտեսական քաղաքականության կոորդինացման ուղղությամբ։

Պայմանավորվող կողմերըը իրենց իրավունք են վերապահում ինքնուրույնաբար եւ անկախորեն որոշելու արտաքին տնտեսական հարաբերությունների ռեժիմը այն երկրների հետ, որոնք չեն մասնակցում սույն համաձայնագրին։

Համաձայնագիրը կարգավորում է մաքսատուրքերի եւ այլ գանձումների քանակական սահմանափակումներին, ապրանքների տարանցման եւ վերաարտահանման պայմաններին համաձայնագրի գործողության շրջանակներին, տեղեկատվության փոխանակմանը, վեճերի լուծման կարգին առնչվող հարցերը։

Ըստ համաձայնագրի այն ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից, իսկ ուժի մեջ է մտնում անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման վերաբերյալ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու ամսաթվից։ Համաձայնագրի ավանդապահն է Բելառուսի Հանրապետությունը։

Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է դադարեցնել իր մասնակցությունը համաձայնագրում մյուս Պայմանավորվող կողմերին իր այդ մտադրության մասին՝ դադարեցման պահից 6 ամիս առաջ պաշտոնական ծանուցագիր ուղարկելու միջոցով։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. «Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

17 փետրվարի 1998 թվականի

ՍԴՈ - 88

print page Տպել էջը