ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ /«KFW»/ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ /«ՎԱՐԿԱՌՈՒ»/ ՝ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ «ՀԻԴՐՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ ԿԱՍԿԱԴ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ /«ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ»/ ՄԻՋԵՎ 25.000.000 ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԱՐԿ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՀԱՊԱՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ/ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 10 ապրիլի 1998 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Է. Մուրադյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Վերականգնման վարկերի բանկի /«KFW»/ եւ Հայաստանի Հանրապետության /«Վարկառու»/՝ ներկայացված ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի կողմից, եւ «Հիդրոկայանների Սեւան-Հրազդան կասկադ» պետական ձեռնարկության /«Ծրագիրն իրականացնող կազմակերպություն»/ միջեւ 25.000.000 գերմանական մարկ արժողության վարկի տրամադրման եւ նախագծի ֆինանսավորման վերաբերյալ /էներգետիկայի բնագավառում անհապաղ օգնության ծրագիր/ պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան՝ նշված պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Մուրադյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Պայմանագրի նպատակն է Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի երկու բլոկների վերակառուցման շնորհիվ զարգացնել Հայաստանի Հանրապետությունում էներգիայի արտադրության հզորությունները։

Պայմանագրի համաձայն, վարկի միջոցներից ֆինանսավորվող մատակարարումները, աշխատանքները եւ ծառայությունները կատարվելու են այն ձեռնարկությունների կողմից, որոնց նստավայրը գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, որոնք իրենց տնտեսական գործունեությունը հիմնականում ծավալում են Գերմանիայում, եւ որոնց կողմից պայմանագրով նախատեսված մատակարարումների ու ծառայությունների ծագման վայրը Գերմանիան է:

Հիշյալ պայմանագրում առկա են դրույթներ՝ վարկի տրամադրման դիմաց միջնորդավճարի, տոկոսադրույքի եւ վարկի մարման կարգի վերաբերյալ: Սահմանվում են նաեւ վարկի միջոցների վճարման կասեցման եւ վաղաժամկետ մարման կարգը, ինչպես նաեւ պետական տուրքերից եւ այլ գանձումներից ազատման վերաբերյալ դրույթներ:

Կողմերի միջեւ 1997 թվականի օգոստոսի 11-ին կնքվել է նաեւ Միջնորդ դատարան դիմելու մասին պայմանագիր, որը հանդիսանում է վերոհիշյալ պայմանագրի բաղկացուցիչ մասը, եւ նախատեսում է Կողմերի միջեւ ծագող վեճերի լուծման կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Վերականգնման վարկերի բանկի /«KFW»/ եւ Հայաստանի Հանրապետության /«Վարկառու»/ ՝ ներկայացված ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի կողմից, եւ «Հիդրոկայանների Սեւան-Հրազդան կասկադ» պետական ձեռնարկության /«Ծրագիրն իրականացնող կազմակերպություն»/ միջեւ 25.000.000 գերմանական մարկ արժողության վարկի տրամադրման եւ նախագծի ֆինանսավորման վերաբերյալ /էներգետիկայի բնագավառում անհապաղ օգնության ծրագիր/ պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

10 ապրիլի 1998 թվականի
ՍԴՈ-97

print page Տպել էջը