ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ /ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ/ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 10 ապրիլի 1998թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Ա. Պետրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման միջազգային ընկերակցության միջեւ զարգացման վարկի /կրթության ֆինանսավորման եւ կառավարման բարեփոխումների ծրագիր/ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու վերաբերյալ։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Պետրոսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագիրն ստորագրվել է 1998 թվականի փետրվարի 4-ին՝ ԱՄՆ-ում։ Ըստ համաձայնագրի, Զարգացման միջազգային ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը պարտքով տրամադրելու է 11 միլիոն 100 հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք (SDR) գումար՝ կրթության համակարգում որոշակի ծրագրեր /այդ թվում՝ կառուցվածքային բարեփոխումներ, դասագրքերի տպագրություն ու բաշխում եւ այլն/ իրականացնելու նպատակով։ Վարկառուն պետք է ընկերակցությանը վճարի պարտավճար՝ յուրաքանչյուր տարվա համար՝ կես տոկոսը չգերազանցող դրույքաչափով, ինչպես նաեւ՝ սպասարկման վճար, որը տարեկան կազմելու է վարկի հիմնական գումարի սահմանված եւ չմարված մասի երեք քառորդ տոկոսը։ Պարտավճարը եւ սպասարկման վճարը պետք է մուծվեն յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին եւ դեկտեմբերի 15-ին։ Վարկառուն պետք է վարկի հիմնագումարը հետ վճարի 2007-2032թթ. ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին եւ դեկտեմբերի 15-ին։

Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում 5 հավելվածները։

Առաջին հավելվածը վերաբերում է վարկի միջոցների առհանմանը։ Երկրորդ հավելվածում տրված է ծրագրի նկարագրությունը։ Երրորդ հավելվածում ընդգրկված են դրույթներ՝ ապրանքների եւ աշխատանքների ձեռքբերման, խորհրդատուների աշխատանքի վերաբերյալ։ Ծրագրի իրականացումն արծարծված է չորրորդ հավելվածում, իսկ հինգերորդ հավելվածը վերաբերում է հատուկ հաշվին։

Համաձայնագրում սահմանված են ծրագրի իրականացման վերահսկման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ յուրաքանչյուր փուլում նախատեսված է անկախ հաշվեքննություն։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման միջազգային ընկերակցության միջեւ զարգացման վարկի /կրթության ֆինանսավորման եւ կառավարման բարեփոխումների ծրագիր/ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

10 ապրիլի 1998 թվականի
ՍԴՈ-98

print page Տպել էջը