ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

«ՏԱՍԻՍ-Ի 1998 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 8 հունվարի 1999թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Է. Մուրադյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1998 թվականի դեկտեմբերի 9-ին Բրյուսելում ստորագրված «ՏԱՍԻՍ-ի 1998 թվականի ծրագիր» ֆինանսավորման հուշագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Մուրադյանի բացատրությունները, հետազոտելով հուշագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

«ՏԱՍԻՍ-ի 1998 թվականի ծրագիր» ֆինանսավորման հուշագիրն ստորագրվել է 1998 թվականի նոյեմբերի 20-ին՝ Երեւանում, դեկտեմբերի 9-ին Բրյուսելում՝ Եվրոպական հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ:

Հուշագրի համաձայն, Եվրոպական համայնքը պարտավորվել է «ՏԱՍԻՍ-ի ծրագրի 1996-1999թթ. ինդիկատիվ ծրագրի շրջանակներում, անհատույց օգնության միջոցով, 7 միլիոն 600 հազար էքյու գումարի չափով ֆինանսավորել 1998 թվականի գործողությունների ծրագրով Հայաստանին նախատեսված տեխնիկական օգնության միջոցառումների իրականացումը:

Հուշագրի բաղկացուցիչ մասն են կազմում 1998 թվականի գործողությունների ծրագիրը /հավելված 1/, ինչպես նաեւ Ֆինանսավորման հուշագրի համար կիրառելի ընդհանուր կանոնները /հավելված 2/:

Ինդիկատիվ ծրագրի շրջանակներում իրականացվող 1998 թվականի գործողությունների ծրագիրն ընդգրկում է համագործակցության մի շարք բնագավառներ, այդ թվում մարդկային ռեսուրսների եւ մասնավոր սեկտորի զարգացման, պետական ներդրումների ծրագրի աջակցության եւ այլն:

Ֆինանսավորման հուշագրերի համար կիրառելի ընդհանուր կանոններով նախատեսված են «ՏԱՍԻՍ» ծրագրի շրջանակներում իրականացվող օգնության տեխնիկական մանրամասները:

Հուշագրի գործողության ընդհանուր ժամկետը սահմանված է մինչեւ 2001 թվականի դեկտեմբերի 31-ը, սակայն նախատեսված է նաեւ թե հուշագրի եւ թե ֆինանսավորման ենթակա ծրագրի գործողության ժամկետի երկարաձգման հնարավորություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան դիմումի հիման վրա:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. «ՏԱՍԻՍ-ի 1998 թվականի ծրագիր» ֆինանսավորման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

8 հունվարի 1999 թվականի
ՍԴՈ - 150

print page Տպել էջը