ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՆԴՐԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 23 հունիսի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Գալուստյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56, 67 եւ 21 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի անդրծովյան տնտեսական համագործակցության հիմնադրամի միջեւ էլեկտրահաղորդման եւ բաշխիչ համակարգերի ծրագրի վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Գալուստյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի փետրվարի 18-ին՝ Տոկիոյում:

Համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում էլեկտրահաղորդման եւ բաշխիչ համակարգերի ծրագրի իրականացմանը:

Համաձայնագրի անբաժանելի մասն է հանդիսանում 1987 թվականի նոյեմբերին ընդունված վարկային համաձայնագրերի նկատմամբ կիրառելի՝ Հիմնադրամի ընդհանուր դրույթները եւ պայմանները:

Ըստ համաձայնագրի Ճապոնիայի անդրծովյան տնտեսական համագործակցության հիմնադրամը պարտավորվում է Հայաստանի Հանրապետությանը (վարկառու) տրամադրել հինգ միլիարդ երեք հարյուր իննսունինը միլիոն ճապոնական իենը չգերազանցող գումար՝ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի եւ Միջազգային զարգացման ընկերակցության հետ համատեղ ֆինանսավորման ձեւով, վարկային համաձայնագրում սահմանված պայմաններով:

Վարկառուն իր հերթին պարտավորվում է ապահովել, որպեսզի վարկային միջոցներն օգտագործվեն վարկ ստանալու իրավասու արտադրող երկրների մատակարարների, կապալառուների կամ խորհրդատուների կողմից՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների եւ ծառայությունների գնման համար:

Վարկառուն պարտավորվում է նաեւ սկսած 2009 թվականի փետրվարից մինչեւ 2039 թվականի փետրվարի 20-ը կիսամյակային վճարումներով Հիմնադրամին վերադարձնել վերջինիս կողմից տրամադրված վարկային միջոցները, վարկի օգտագործման դիմաց վճարել տարեկան 0.75%-ի (խորհրդատվական ծառայություններ) եւ 1.8%-ի (ապրանքների մատակարարում եւ այլ ծառայությունների մատուցում) չափով շահութատոկոս, ինչպես նաեւ յուրաքանչյուր դեպքում մուծել բաց թողնվող գումարի սպասարկման վճար՝ 0.1%-ի չափով:

Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում թվով 6 ցանկերը, որոնք վերաբերում են ծրագրի նկարագրությանը, վարկի միջոցների բաշխմանը, վարկի մարմանը, մատակարարման, պարտավորության եւ փոխհատուցման ընթացակարգերին:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի անդրծովյան տնտեսական համագործակցության հիմնադրամի միջեւ 1999 թվականի փետրվարի 18-ին Տոկիոյում ստորագրված էլեկտրահաղորդման եւ բաշխիչ համակարգերի ծրագրի վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

23 հունիսի 1999 թվականի
ՍԴՈ - 162

print page Տպել էջը