ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 13 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 23 հունիսի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Իզաբելա Մուրադյանի եւ նրա ներկայացուցիչներ Մերի Կարապետյանի ու Նաիրա Շովգարյանի,

պատասխանող կողմի՝ Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ Արտյոմ Մովսեսյանի եւ Մկրտիչ Տիգրանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի եւ 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 25 հոդվածի 3 կետի, 57 եւ 21 (1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքում ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Իզաբելա Մուրադյանի դիմումն է սահմանադրական դատարան:

Դիմումի հեղինակը սահմանադրական դատարանին խնդրում է ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 3 կետին համապատասխան քննության առնել Երեւանի թիվ 13 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունը ճանաչել անվավեր:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, ուսումնասիրելով կողմերի բացատրությունները եւ պարզաբանումները, հետազոտելով գործում առկա փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովը 1999 թվականի հունիսի 3-ին ամփոփելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքում 1999 թվականի մայիսի 30-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները, որոշում է կայացրել Ա. Սադոյանի՝ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու մասին:

Նույն ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Իզաբելա Մուրադյանը սահմանադրական դատարանին հասցեագրած դիմումի մեջ նշում է, որ Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովը խախտել է ՀՀ ընտրական օրենսգրքի 116 եւ 62 հոդվածների պահանջները եւ ընտրության արդյունքներն ամփոփելիս հաշվի չի առել այնպիսի հանգամանքներ, որոնք վերաբերում են ընտրացուցակներում ընտրողների անունները բաց թողնելուն, Երեւանից բացակայող քաղաքացու անվան դիմաց կեղծ ստորագրություն դնելով՝ նրա փոխարեն քվեարկելուն, ցուցակներում ընդգրկված անձանց անունների կրկնվելուն, բազմաթիվ հասցեներում գրանցված անձանց ընտրացուցակներից դուրս թողնելուն եւ այլ իրավախախտումների:

2. Պատասխանող կողմը գտնում է, որ դիմումատուի բերած փաստարկները հիմք չեն կարող հանդիսանալ ՀՀ ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 5-րդ կետի հիման վրա Երեւանի թիվ 13 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար եւ հիմնականում վերաբերում են ընտրացուցակներում անճշտություններին, որոնք կարող էին օրենքով սահմանված կարգով նախապես ճշտվել:

3. Սահմանադրական դատարանում գործի քննությամբ նաեւ պարզվեց, որ պատգամավորության թեկնածու Իզաբելա Մուրադյանի դիմումի մեջ վկայակոչված փաստարկները չեն կարող ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, առնչվում են այնպիսի հանգամանքների, որոնք դիմումատուի կարծիքով նույնպես վերաբերում են ՀՀ ընտրական օրենսգրքի թերություններին կամ առանձին օրինախախտումների փաստական հանգամանքներին:

Միաժամանակ, ուսումնասիրելով դիմումատուի կողմից ներկայացված Երեւանի թիվ 13 ընտրատարածքի թիվ 0155, 0156, 0157, 0158, 0159, 0160, 0161, 0162, 0163, 0164, 0165, 0166 ընտրական տեղամասերի ընտրական հանձնաժողովների թիվ 7 ամփոփիչ արձանագրությունները, սահմանադրական դատարանն արձանագրեց, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 60 հոդվածի հիման վրա հաշվարկված անճշտությունների չափը թիվ 13 ընտրատարածքում չի գերազանցում առավելագույն կողմ ձայներ ստացած թեկնածուների ձայների տարբերությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկանքի համաձայն (18.06.1999 թ. N 5/29-99) Երեւանի թիվ 13 ընտրատարածքի վերաբերյալ կոնկրետ իրավախախտումների փաստերն ուսումնասիրվում են դատախազության կողմից:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 57, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Իզաբելա Մուրադյանի պահանջը՝ Երեւանի թիվ 13 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին, մերժել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

23 հունիսի 1999 թվականի
ՍԴՈ - 164

print page Տպել էջը