ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ ՍԱՐԱՏՈՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 12 հոկտեմբերի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Ե. Զախարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ ուղեւորների պարտադիր ապահովագրության մասին 1999 թվականի հունվարի 13-ին Սարատովում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի հունվարի 13-ին Սարատովում՝ միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ ուղեւորների կյանքի ու առողջության պաշտպանության եւ դժբախտ պատահարների դեպքում նրանց շահերի պաշտպանությանը միասնական մոտեցում ապահովելու նպատակով:

Համաձայնագիրն ունի հավելված՝ Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ ուղեւորների պարտադիր ապահովագրման մասին կանոնակարգը, որը կազմում է համաձայնագրի անբաժանելի մասը:

Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են իրենց տարածքներում ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների ժամանակ նախատեսել դժբախտ դեպքերից ուղեւորների պարտադիր ապահովագրում եւ սահմանել ապահովագրման կարգը, ապահովագրական մուծումների եւ դժբախտ պատահարների դեպքում ապահովագրական վճարումների կատարման կարգը, ապահովագրողի պատասխանատվության սահմանը եւ ապահովագրական սակագների չափը:

Համաձայնագիրն անժամկետ է եւ բաց է դրա նպատակներն ու սկզբունքները կիսող պետությունների կողմից միանալու համար՝ բոլոր Կողմերի համաձայնությամբ:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ ուղեւորների պարտադիր ապահովագրության մասին 1999 թվականի հունվարի 13-ին Սարատովում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

12 հոկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 178

print page Տպել էջը