ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՓՈԽԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 21 հոկտեմբերի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ քաղաքացիների փոխայցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ծանոթանալով գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդմանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Ս. Աբրահամյանի բացատրությանը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի հունիսի 28-ին Երեւանում՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տարածքներում նրանց քաղաքացիների՝ առանց վիզաների տեղաշարժման մասին 1992 թվականի հոկտեմբերի 9-ին Բիշքեկում ստորագրված համաձայնագրի մասնակիցների կազմից Թուրքմենստանի դուրս գալուց հետո։

Սույն համաձայնագրի նպատակն է ապահովել երկու պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացումը, ամրապնդել երկկողմ քաղաքական, տնտեսական, առեւտրական, գիտատեխնիկական եւ մշակութային կապերը։ Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են իրենց քաղաքացիների փոխայցելությունների համար անհրաժեշտ պայմանների մասին։

Համաձայնագրի Կողմերը փոխադարձաբար պարտավորվում են թույլատրել առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ մուտք գործել՝

ա) դիվանագիտական եւ ծառայողական վավերական անձնագրեր ունեցող քաղաքացիներին (հոդված 3),

բ) իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, պաշտոնական ներկայացուցչությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ հանդիսացող քաղաքացիներին եւ նրանց ընտանիքների անդամներին (հոդված 4),

գ) քաղաքացիական ավիացիայի օդանավերի, երկաթուղային գնացքների անձնակազմերի անդամներին, միջկառավարական սուրհանդակային կապի աշխատակիցներին՝ համաձայնագրով նախատեսված փաստաթղթերի առկայության դեպքում (հոդված 5)։

Կողմերը պարտավորվում են բազմակի մուտքի արտոնագրեր ձեւակերպել միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող համապատասխան տրանսպորտային միջոցների վարորդների եւ այն անձանց համար, ովքեր ընդունող կողմի տարածքում ունեն մշտապես բնակվող ազգականներ, ինչպես նաեւ արտոնագրերի ձեւակերպման պարզեցված կարգ կիրառել զբոսաշրջիկության նպատակով միմյանց տարածքներ այցելող քաղաքացիների համար։

Հյուպատոսական գանձումների սակագները Կողմերը պարտավորվում են սահմանել փոխադարձության հիման վրա։ Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են նաեւ մուտքի արտոնագրի համար նախատեսված հյուպատոսական գանձումներ չկատարել մի Կողմի պետության տարածքում գտնվող ուսումնական հաստատություններում սովորող մյուս Կողմի պետության քաղաքացիներից, ինչպես նաեւ այն անձանցից, ովքեր մյուս Կողմի տարածք պետք է մուտք գործեն ընտանիքի հիվանդ անդամին կամ մերձավոր ազգականին այցելելու, կամ նրանց թաղման արարողությանը մասնակցելու նպատակով։

Համաձայնագրի 2 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ճամփորդական փաստաթուղթ է նաեւ Հայաստանի Հանրապետության ծառայողական անձնագիրը, որը վավերական է մինչեւ 2000 թվականի հուլիսի 1-ը։ Մինչեւ նույն ժամկետը վավերական է նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան անձնագիրը, որը նույն համաձայնագրին համապատասխան ճամփորդական փաստաթուղթ է համարվել 1999 թվականի հոկտեմբերի 19-ին Աշգաբադում Կողմերի ստորագրած արձանագրությամբ համաձայնագրում կատարված լրացմամբ։ Համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կարգը սահմանվում է 17 հոդվածով։

Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով եւ ուժը կորցնում է դրա գործողության դադարեցման մասին որեւէ Կողմից մյուսին պաշտոնապես տեղեկացնելուց հետո՝ 30-րդ օրը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ քաղաքացիների փոխայցելությունների մասին 1999 թվականի հունիսի 28-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

21 հոկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 181

print page Տպել էջը