ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՈՐԱՑՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԲՆԱԿՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 3 դեկտեմբերի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21 (1) հոդվածների, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողներին, զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին եւ նրանց ընտանիքների անդամներին բնակտարածությունով ապահովելու մասին 1997 թվականի մարտի 28-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի մարտի 28-ին՝ Մոսկվայում։ Համաձայնագրի նպատակն է նախկին ԽՍՀՄ զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին բնակտարածությունով ապահովելու հարցերի լուծումը։

Համաձայնագիրը տարածվում է, մասնավորապես, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերում եւ այլ զինվորական կազմավորումներում զինվորական ծառայություն անցնող, Անկախ պետությունների համագործակցության միացյալ զինված ուժերում նախկինում ծառայության մեջ գտնված զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների վրա։ Ըստ համաձայնագրի՝ զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամները հետագա զինվորական ծառայությունը մեկ այլ պետությունում շարունակելու նպատակով փոխադրման դեպքում ապահովվում են բնակտարածությունով, համաձայն այն մասնակից պետության օրենսդրությամբ սահմանված նորմերի եւ կարգի, ուր նրանք ժամանում են։

Համաձայնագրով սահմանվում է նաեւ զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների՝ մշտական բնակության նպատակով մի մասնակից պետության տարածքից մյուսի տարածք տեղափոխվելու դեպքում բնակտարածությամբ ապահովման կարգը։

Համաձայնագրում ամրագրված է վերը նշված անձանց իրավունքը՝ մի մասնակից պետության տարածքից մյուսի տարածք մշտական բնակության մեկնելու դեպքում վաճառել կամ փոխանակել իրենց կողմից սեփականաշնորհված բնակտարածությունը։

Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են միմյանց տեղեկացնել բնակարանային օրենսդրության բնագավառում գործող նորմատիվ ակտերի մասին, իրականացնել մշտական համագործակցություն՝ զինծառայողներին, զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին, նրանց ընտանիքների անդամներին բնակտարածությամբ ապահովելու հարցերի լուծման ժամանակ։

Համաձայնագրով սահմանվում է նաեւ բնակտարածության փոխանակման եւ վաճառքի հետ կապված վեճերի լուծման, համաձայնագրի կիրառման հետ կապված հարցերի համաձայնեցման, դրա ուժի մեջ մտնելու կարգը։

Հայաստանի Հանրապետությունը սույն համաձայնագիրն ստորագրել է հատուկ կարծիքով, որը կցված է համաձայնագրին:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողներին, զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին եւ նրանց ընտանիքների անդամներին բնակտարածությունով ապահովելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

3 դեկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 186

print page Տպել էջը