ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՐՏԱՔԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՓՈԽԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 24 դեկտեմբերի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարար Կ. Պետրոսյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21(1) եւ 56 հոդվածներով,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արտաքին սահմաններում ճգնաժամային իրադրությունների ծագման դեպքում ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի փոխգործողությունների մասին 1996 թվականի մայիսի 17-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրված՝ 13.12.1999թ.):

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Պետրոսյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագիրն ստորագրվել է 1996 թ. մայիսի 17-ին Մոսկվայում՝ ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմաններում ճգնաժամային իրադրությունների ծագման դեպքում սահմանապահ զորքերի փոխգործողությունների ապահովման եւ սահմանների անխախտելիության ու դրանց տարածքային ամբողջականության պահպանման նպատակով:

Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են իրենց արտաքին սահմանների որեւէ տեղամասում ճգնաժամային իրադրություն կամ դրա սպառնալիք ծագելու դեպքում անհապաղ անցկացնել խորհրդակցություններ եւ որոշել այդ տեղամասում կայուն իրադրության ապահովմանն ուղղված օգնության միջոցները: Կողմերը, ելնելով իրենց օրենսդրությունից եւ հնարավորություններից, ձեւավորում են զինվորական կազմավորումներ, որոշում են սահմանապահ խմբավորման ուժերի ու միջոցների պահանջարկը եւ կեցության պայմանները, այդ խմբավորման հրամանատարի նշանակման կարգը, նրա իրավունքները եւ պարտականությունները:

Համաձայնագրով կարգավորվում են ճգնաժամային իրադրության շրջանի մասնակից սահմանապահ խմբավորման զինծառայողների կեցության հետ կապված իրավական հարցերը, արտաքին սահմանի տեղամասում սահմանապահ խմբավորման գործողությունների տեւողությունը, նրանց ելքի ու մուտքի եւ գտնվելու ժամկետի երկարացման կարգը:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է մասնակցել սահմանապահ խմբավորման ֆինանսավորմանը եւ, իր արտաքին սահմանի տեղամասում ճգնաժամային իրադրության ծագման դեպքում, օգնություն ցուցաբերող սահմանապահ խմբավորմանն ապահովել զորանոցային եւ ծառայողական ֆոնդերով, օդանավակայաններով, հենակետերով, տրանսպորտով, կապի միջոցներով՝ ֆինանսավորելով դրա հետ կապված ծախսերը:

Համաձայնագրի դրույթները համապատասխանում են ՄԱԿ-ի կանոնադրության 51 հոդվածի, 1975 թ. Հելսինկիի՝ Եվրոպայում անվտանգության ու համագործակցության համաեվրոպական խորհրդակցության եզրափակիչ ակտի 3 հոդվածի եւ «ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության մասին» 1992թ. մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրված պայմանագրի սկզբունքներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Արտաքին սահմաններում ճգնաժամային իրադրությունների ծագման դեպքում ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի փոխգործողությունների մասին 1996 թվականի մայիսի 17-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

24 դեկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 201

print page Տպել էջը