ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 24 դեկտեմբերի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության միջեւ Երեւանում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին 1999 թվականի սեպտեմբերի 15-ին Երեւանում ստորագրված փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մարտիրոսյանի բացատրությունը, հետազոտելով հուշագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Փոխըմբռնման հուշագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ գրասենյակ հիմնելն է, ինչպես նաեւ՝ այդ գրասենյակի, վերջինիս աշխատակազմի կարգավիճակի, հիմնական գործառույթների որոշումը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հիմնական խնդիրները, ըստ հուշագրի, ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի Հանրապետության համագործակցության խթանումն է՝ ԵԱՀԿ գործունեության բոլոր ուղղություններով, այդ կազմակերպության հետ տեղեկատվության փոխանակումը դյուրացնելն է, մի կողմից ԵԱՀԿ, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության տեղական իշխանության մարմինների, կրթական հաստատությունների եւ հասարակական կազմակերպությունների միջեւ հարաբերությունների հաստատումն ու զարգացումն է, ԵԱՀԿ մասնակցությամբ միջոցառումների կազմակերպումը եւ այլ՝ ԵԱՀԿ ու Հայաստանի Հանրապետության միջեւ համաձայնեցված, գործառույթների իրականացումն է:

Հուշագրով կարգավորվում են նաեւ. ԵԱՀԿ գրասենյակի եւ ՀՀ կառավարության միջեւ փոխհարաբերության սկզբունքներն ու բովանդակությունը, գրասենյակի գործառնական ծախսերը հոգալու, դրա աշխատակազմի անդամների, գրասենյակի շենքի ու սեփականության կարգավիճակի հարցերը, ԵԱՀԿ պատվիրակությունների եւ պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգն ու պայմանները:

Հուշագրով նախատեսվել են նաեւ դրույթներ՝ ԵԱՀԿ գրասենյակի մանդատի վավերականության ժամկետի եւ դրա երկարաձգման կարգի, ինչպես նաեւ՝ գրասենյակի ղեկավարին եւ աշխատակազմի անդամներին պաշտոնում նշանակելու, հուշագրի ուժի մեջ մտնելու եւ գործողությունը դադարելու կարգի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կողմից հուշագրով ստանձնված պարտավորությունները բխում են միջպետական հարաբերությունների հաստատման, զարգացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության միջեւ Երեւանում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին 1999 թվականի սեպտեմբերի 15-ին Երեւանում ստորագրված փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

24 դեկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 202

print page Տպել էջը