ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1989 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ՄԱԴՐԻԴՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 11 հունվարի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պետի տեղակալ Ա. Խաչիկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1989 թվականի հունիսի 27-ին Մադրիդում ստորագրված՝ Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրված՝ 22. 12. 1999 թ.):

Ծանոթանալով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդմանը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Խաչիկյանի բացատրությանը, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Արձանագրությունն ստորագրվել է 1989 թվականի հունիսի 27-ին՝ Մադրիդում: Սույն արձանագրության նպատակը միջազգային գրանցման միջոցով ազգային եւ օտարերկրյա հայտատուների իրավունքների պաշտպանությունն է, ինչպես նաեւ ծանուցումների քննարկման հնարավորության ընդլայնումը: Արձանագրությունը Նշանների միջազգային գրանցման մասին 1891 թվականի ապրիլի 14-ին Մադրիդում ստորագրված համաձայնագրի (հետագա փոփոխություններով, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 1994 թվականի մարտի 29-ին) անբաժանելի մասն է: Արձանագրությամբ նախատեսված են նշանների գրանցման համար հիմնական եւ միջազգային հայտերի ներկայացման, դրանց հիման վրա գրանցումների կատարմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ գրանցումից ծագող պաշտպանությունը Կողմերի վրա տարածելու պայմանները եւ կարգը: Ըստ արձանագրության կարգավորվում են ազգային կամ տարածաշրջանային գրանցումը միջազգային գրանցումով փոխարինելու, միջազգային գրանցումն անվավեր ճանաչելու եւ պաշտպանության ընձեռումը մերժելու հնարավորությունները, ինչպես նաեւ նշանների առանձին տարրերի օգտագործման օրինականությունը հաստատող փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը, միջազգային գրանցամատյանում կատարված գրառումներից օգտվելու կարգը, միջազգային գրանցման գործողության տեւողությունը եւ այլն:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1989 թվականի հունիսի 27-ին Մադրիդում ստորագրված՝ Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

11 հունվարի 2000 թվականի
ՍԴՈ - 210

print page Տպել էջը