ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ (ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 25 փետրվարի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Կ. Միքայելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի,

դռնբաց նիստում քննեց «1999 թվականի հոկտեմբերի 7-ին Վաշինգտոնում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ զարգացման վարկի (Պատվարների անվտանգության ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Միքայելյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Վաշինգտոնում։ Համաձայնագրի նպատակն է օժանդակել Պատվարների անվտանգության ծրագրի ֆինանսավորմանը։

Ըստ համաձայնագրի Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը (փոխառու) տրամադրելու է տասնինը միլիոն յոթ հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումար (SDR)՝ համաձայնագրում նշված պայմաններին եւ պահանջներին համապատասխան։

Համաձայնագրով փոխառուն ստանձնում է, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.

- մարել վարկի հիմնական գումարը՝ կիսամյակային վճարումների ձեւով, ամեն տարվա հունիսի 1-ին եւ դեկտեմբերի 1-ին, սկսած 2009 թվականի դեկտեմբերի 1-ից եւ վերջացրած 2034 թվականի հունիսի 1-ով։

Յուրաքանչյուր մուծում, ներառյալ 2019 թվականի հունիսի 1-ինը, կազմելու է հիմնական գումարի մեկ եւ մեկ քառորդ տոկոսը, իսկ դրանից հետո յուրաքանչյուր մուծումը կկազմի հիմնական գումարի երկուս ու կես տոկոսը,

- պարբերաբար Ընկերակցությանը վճարել պարտավորության վճար՝ վարկի չօգտագործված հիմնական գումարի դիմաց։ Այդ վճարի դրույքաչափը որոշվում է Ընկերակցության կողմից յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ի դրությամբ, սակայն այն չպետք է գերազանցի տարեկան կես տոկոսը,

- պարբերաբար Ընկերակցությանը մուծել ծառայությունների վարձ՝ վարկի հիմնական գումարից հանված եւ չվճարված գումարի տարեկան մեկ տոկոսի երեք քառորդի չափով,

- պատշաճ մակարդակով եւ արդյունավետ կերպով իրականացնել ծրագիրը՝ ապահովելով համապատասխան վարչական, ֆինանսական, ճարտարագիտական, էկոլոգիական եւ տեխնիկական միջոցառումները,

- բացել առեւտրական բանկում Ծրագրի հատուկ հաշիվ եւ հաշվի գումարն օգտագործել բացառապես ծրագիրն իրականացնելու համար,

- վարկի միջոցներից ֆինանսավորվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների գնումներն իրականացնել համաձայնագրի հավելված 3-ի պայմաններին համապատասխան,

- պատրաստել եւ Ընկերակցությանը ներկայացնել ծրագիր, որը կապահովի ծրագրի նպատակների շարունակական իրականացումը,

- իրականացնել ֆինանսական կառավարման այնպիսի համակարգ, ներառյալ գրանցումները, հաշիվները եւ ֆինանսական հաշվետվությունները, որը կարտացոլի գործառնությունները, միջոցները եւ ծրագրի հետ կապված ծախսերը։

Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում Ընկերակցության 1985 թվականի «Զարգացման վարկի համաձայնագրերում կիրառվող ընդհանուր դրույթները»՝ հետագայում կատարված փոփոխություններով հանդերձ, ինչպես նաեւ չորս հավելվածները, որոնք կարգավորում են վարկի գումարներից կատարվող մասհանումները, ծրագրի բովանդակությանը, ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերմանը, խորհրդատուների ընտրությանը եւ ծրագրի իրականացմանը վերաբերող հարցերը։

ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ, ՀՀ Սահմանադրության 89 հոդվածի 4-րդ կետի պահանջներից ելնելով, անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ կառավարությունը քննության առարկա դարձնի ու հաստատի նման ծրագրերը եւ վերահսկի դրանց կատարման ընթացքը՝ նկատի ունենալով, որ ոչ թե առանձին նախարարությունների, այլ կառավարության սահմանադրական լիազորությունն է ֆինանսատնտեսական, վարկային եւ հարկային միասնական պետական քաղաքականության իրականացման ապահովումը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ զարգացման վարկի (Պատվարների անվտանգության ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

25 փետրվարի 2000 թվականի
ՍԴՈ - 217

print page Տպել էջը