ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏ ՄՈՒՏՔԻ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 24 մարտի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ԱՊՀ մասնակից պետությունների բաց գիտատեխնիկական տեղեկատվության ազատ մուտքի եւ փոխանակման կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Է. Ղազարյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագիրն ստորագրվել է 1998 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Մոսկվայում։ Համաձայնագրի նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների բաց գիտատեխնիկական տեղեկատվության ազատ մուտքի ու փոխանակման կարգի սահմանումը։

Համաձայնագրով Կողմերն ստանձնում են, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.

- ապահովել օգտագործողների համար բաց գիտատեխնիկական տեղեկատվության ազատ մուտք,

- միջոցներ ձեռնարկել տեղեկատվական կառուցվածքների համաձայնեցված գործողությունների իրականացման ուղղությամբ,

- կազմակերպել տեղեկատվական միջոցների, տեղեկատվական արտադրանքի եւ տեղեկատվական համակարգերի հաշվառում, ինչպես նաեւ դրանց մասին տեղեկությունների հրապարակում,

- նպաստել իրենց տեղեկատվական ռեսուրսների վիճակի եւ զարգացման մասին տեղեկությունների եւ փորձի փոխանակմանը,

- օժանդակություն ցուցաբերել տեղեկատվական ենթակառուցվածքների զարգացմանը,

- միջոցներ ձեռնարկել 1950 թ. նոյեմբերի 22-ի Կրթական, գիտական եւ մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին միջազգային համաձայնագրին (Ֆլորենցյան կոնվենցիա) եւ դրա 1976 թ. նոյեմբերի 26-ի Արձանագրությանը միանալու համար։

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն համաձայնագրից՝ այդ մասին դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին։

Համաձայնագիրը բաց է դրա նպատակները եւ սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միացման համար։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. ԱՊՀ մասնակից պետությունների բաց գիտատեխնիկական տեղեկատվության ազատ մուտքի եւ փոխանակման կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

24 մարտի 2000 թվականի
ՍԴՈ - 223

print page Տպել էջը