ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 2000-2001 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 21 ապրիլի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Միքայելյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21 եւ 56 հոդվածներով,

դռնբաց նիստում քննեց «1999 թվականի դեկտեմբերի 7-ին Հաագայում ստորագրված՝ «Հայաստանի հետ Նիդեռլանդների համագործակցության 2000-2001 թվականների ծրագիր» փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Մ. Միքայելյանի բացատրությունները, հետազոտելով հուշագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հուշագիրը նախատեսում է Նիդեռլանդների եւ Հայաստանի Հանրապետության միջեւ 2000-2001 թթ. իրականացնել համագործակցության ծրագիր, որը կազմում է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի համար Նիդեռլանդական աջակցության ծրագրի մաս:

Նիդեռլանդների աջակցությունը Հայաստանին նախատեսվում է իրականացնել շուկայական տնտեսության հետագա զարգացման եւ մրցակցության ամրապնդման, ինչպես նաեւ արտադրության կայուն գործընթացն ապահովելու նպատակով: Այս նպատակների իրագործման համար նախատեսվում է Նիդեռլանդների կողմից Հայաստանին տրամադրվող դրամաշնորհի հիման վրա իրականացնել գիտելիքների եւ փորձի, ինչպես նաեւ ապրանքների ու սարքավորումների փոխանցում՝ հայկական ընկերությունների ուժեղացման նպատակով: Համագործակցությունն ընդգրկելու է գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնապահպանության, ինչպես նաեւ մասնավոր սեկտորի զարգացման բնագավառները:

Հուշագրում նախատեսվում է ծրագրի շրջանակներում Հայաստան ներմուծվող ապրանքների եւ ծառայությունների ազատումը պետական տուրքերից եւ մաքսատուրքերից, կամ դրանց վճարումն աջակցության անմիջական ստացողների կողմից:

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը տվյալ ֆինանսական պարտավորությունն ստանձնում է դեռեւս մշակման փուլում գտնվող ծրագրերի համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. «Հայաստանի հետ Նիդեռլանդների համագործակցության 2000-2001 թվականների ծրագիր» փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

21 ապրիլի 2000 թվականի
ՍԴՈ - 230

print page Տպել էջը