ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 4 հուլիսի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Հ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Ահաբեկչության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ Հ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Սույն պայմանագիրն ստորագրվել է 1999թ. հունիսի 4-ին Մինսկում՝ ահաբեկչության դեմ պայքարում միմյանց աջակցություն ցուցաբերելու եւ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Պայմանագրով Կողմերը պարտավորվում են համագործակցություն իրականացնել ահաբեկչական ակտերի կանխման, բացահայտման, խափանման եւ քննության հարցերում։

Կողմերը համատեղ մշակում են առաջարկություններ ահաբեկչական ակտերի կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի հարցերի նորմատիվ- իրավական կանոնակարգման համար։

Պայմանագրի շրջանակներում աջակցությունն իրականացվում է շահագրգիռ Կողմի հարցման հիման վրա։

Յուրաքանչյուր Կողմ ապահովում է մյուս Կողմից ստացված տեղեկատվության եւ փաստաթղթերի գաղտնիությունը։

Պայմանագրի հիման վրա ստացված հարցման կատարման արդյունքները, առանց դրանք տրամադրող Կողմի համաձայնության, չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քան այն, որի համար դրանք պահանջվել եւ տրամադրվել են։

Ըստ պայմանագրի՝ հակաահաբեկչական կազմավորումների հատուկ միջոցները եւ ապահովման նյութերն ազատվում են մաքսային տուրքերից եւ մուծումներից։

Եթե ուղարկող Կողմի հատուկ հակաահաբեկչական կազմավորման մասնակիցը սույն պայմանագրի իրագործման հետ կապված խնդիրները լուծելիս ընդունող Կողմի տարածքում վնաս է հասցնում որեւէ անձի կամ կազմակերպության, ապա վնասը հատուցում է ընդունող Կողմը։

Կողմերի իրավասու մարմինները կարող են միմյանց հետ կնքել սույն պայմանագրի կատարման կարգն առավել մանրամասն կանոնակարգող համաձայնագրեր։

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն պայմանագրից՝ կարգավորելով պայմանագրի գործողության ընթացքում ծագած ֆինանսական եւ մյուս պարտավորությունները։

Սույն պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո, Կողմերի համաձայնությամբ, դրան կարող են միանալ այլ պետություններ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Ահաբեկչության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին 1999 թվականի հունիսի 4-ին Մինսկում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

4 հուլիսի 2000 թվականի
ՍԴՈ - 240

print page Տպել էջը