ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 18 հուլիսի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21(1) եւ 56 հոդվածներով,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ արտադրական կոոպերացիայի մասին 1999 թվականի դեկտեմբերի 7-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագիրն ստորագրվել է 1999թ. դեկտեմբերի 7-ին Մոսկվայում՝ կոոպերացիայի հիման վրա համատեղ ծրագրերի մշակման եւ իրականացման, փոխշահավետ տնտեսական կապերի զարգացման եւ կատարելագործման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:

Համաձայնագրի դրույթները տարածվում են Կողմերի համատեղ միջպետական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների (ծառայությունների) առանձին տեսակների մատակարարման, ինչպես նաեւ կարեւորագույն հատուկ լրակազմող հանգույցների եւ սպառող պետությունում չարտադրվող ու վերջնական արտադրանքի պատրաստման համար օգտագործվող որոշ տեսակի արտադրանքի նկատմամբ: Կոոպերացված մատակարարումների անվանացանկը եւ ծավալները, ինչպես նաեւ դրանք իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ցանկը որոշվում են համապատասխան տարվա համար Կողմերի միջեւ ստորագրվող արձանագրություններով:

Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են աջակցել ձեռնարկությունների միջեւ (անկախ սեփականության ձեւից) ուղիղ արտադրական կապերի եւ իրենց մասնագիտացման հիման վրա արտադրական կոոպերացիայի իրականացմանն ու զարգացմանը:

Սույն համաձայնագրի շրջանակներում ապրանքների (ծառայությունների) մատակարարումներն իրականացվում են Կողմերի տնտեսավարող սուբյեկտների միջեւ՝ պայմանագրերի հիման վրա, կիրառելով պայմանագրային գներով փոխհաշվարկներ: Պայմանագրերի կատարման պատասխանատվությունը կրում են դրանք կնքող տնտեսավարող սուբյեկտները: Արտադրական կոոպերացիայով առաքվող ապրանքները ենթակա չեն վերաարտահանման երրորդ երկրներ, եթե Կողմերը չպայմանավորվեն այլ բանի մասին:

Համաձայնագրում նախատեսված են նաեւ դրույթներ՝ համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ համաձայնագրի ուժի մեջ մտնելու, գործողության ժամկետի եւ գործողության դադարեցման վերաբերյալ:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ՝ կապված կոոպերացիայի շրջանակներում մատակարարվող ապրանքներն ավելացված արժեքի եւ ակցիզային հարկերից ազատելու հետ:

Համաձայնագրի դրույթները բխում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ սեփականության բոլոր ձեւերի ազատ զարգացման, տնտեսական գործունեության ազատության, ինչպես նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից:

Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն եւ ռուսերեն, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ արտադրական կոոպերացիայի մասին 1999 թվականի դեկտեմբերի 7-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

18 հուլիսի 2000 թվականի
ՍԴՈ - 247

print page Տպել էջը