ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 21 հուլիսի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա.Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ.Նազարյանի, Վ.Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Է. Ղազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21 (1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի նախարարների կաբինետի միջեւ կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Ղազարյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ..

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի նախարարների կաբինետի միջեւ կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1999 թ. դեկտեմբերի 23-ին Կիեւում՝ երկու երկրների միջեւ կրթության բնագավառում համագործակցությունը զարգացնելու նպատակով։

Համաձայնագրով նախատեսվում է Կողմերի միջեւ կրթության բնագավառում փորձի փոխանակում, գիտամանկավարժական կադրերի պատրաստում եւ որակավորման բարձրացում, համատեղ գիտական հետազոտությունների իրականացում, դասագրքերի, ուսումնական նյութերի եւ ծրագրերի փոխանակում։

Համաձայնագրով Կողմերը նախատեսում են միմյանց տարածքներում օժանդակել մեկը մյուսի լեզվի, գրականության, պատմության, աշխարհագրության ուսումնասիրությանը, զարգացնել անմիջական կապեր կրթական հաստատությունների միջեւ, կազմակերպել դասախոսություններ, ուսանողների փոխանակում եւ այլ համատեղ ձեռնարկումներ։

Համաձայնագրում կարեւորվում է կրթության մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման հարցը։

Կողմերը պարտավորվում են ապահովել իրենց տարածքներում հայ եւ ուկրաինական համայնքների հանրակրթական պահանջների բավարարումը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ..

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի նախարարների կաբինետի միջեւ կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

21 հուլիսի 2000 թվականի
ՍԴՈ - 249

print page Տպել էջը