ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 21 հուլիսի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21 (1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության միջեւ բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության միջեւ բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագիրն ստորագրվել է 1999 թ. սեպտեմբերի 2-ին, որի նպատակն է զարգացնել Կողմերի միջեւ բարեկամական կապերը, ինչպես նաեւ համագործակցությունը՝ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում։

Կողմերը պարտավորվում են զերծ մնալ միմյանց ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված որեւէ գործողությունից, համագործակցել ազգային անվտանգության եւ ռազմական շինարարության բնագավառներում, կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, միջազգային ահաբեկչության եւ այլ իրավախախտումների դեմ պայքարում։

Պայմանագրով յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է պահպանել իր տարածքում մյուս Կողմի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։ Նախատեսված է խորհրդարանական կապերի հետագա ընդլայնում, տնտեսական ինտեգրացիայի խորացում, տրանսպորտի եւ կապի, հեռահաղորդակցության, տեղեկատվության բնագավառներում համագործակցության զարգացում։ Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է միջոցներ ձեռնարկել՝ իր տարածքով մյուս Կողմի բեռների ու ուղեւորների փոխադրումների եւ տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովելու համար։

Պայմանագրում կարեւորվում է նաեւ համագործակցությունը կրթության, մշակույթի, առողջապահության, գիտության եւ տեխնիկայի, գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման ոլորտներում, ինչպես նաեւ մտավոր սեփականության, շրջակա միջավայրի պահպանության հարցերում։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ..

1. Հայաստանի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության միջեւ բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

21 հուլիսի 2000 թվականի
ՍԴՈ - 250

print page Տպել էջը