ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՌԵԺԻՄԻՑ ՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 21 հուլիսի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «1999 թվականի սեպտեմբերի 2-ին Աստանայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրում եւ 1999 թվականի սեպտեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրին կից ազատ առեւտրի ռեժիմից հանումների մասին արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրն ու արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագրի նպատակը երկու երկրների միջեւ ազատ առեւտրի իրականացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծումն է: Համաձայնագրի դրույթները համահունչ են ԱՊՀ երկրների միջեւ ստորագրված՝ «Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին» 1994 թ. ապրիլի 15-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրի (Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 28. 12. 1999թ.) եւ «1994թ. ապրիլի 15-ի «Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին» համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 1999 թ. ապրիլի 2-ին Մոսկվայում ստորագրված արձանագրության (Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 28. 12. 1999թ.) սկզբունքներին։

Համաձայնագրով Կողմերը պարտավորվել են չկիրառել ապրանքների արտահանման կամ ներմուծման ժամանակ ապրանքների համար նախատեսված մաքսատուրքեր եւ այլ հարկումներ ու գանձումներ, ինչպես նաեւ խուսափել ապրանքների ներմուծման կամ արտահանման հարցում քանակական սահմանափակումներից։ Կողմերը պարտավորվել են նաեւ, որ ազատ առեւտրի իրականացումը չի խոչընդոտի կիրառելու պետական կարգավորման այնպիսի միջոցներ, որոնք կառնչվեն հասարակական բարոյականությանը եւ հասարակական կարգի պաշտպանությանը, մարդկանց կյանքի եւ առողջության պաշտպանությանը, արդյունաբերական եւ մտավոր սեփականության պաշտպանությանը եւ այլն, ինչպես նաեւ պետական գաղտնիքի արտահոսքի կանխմանը, զենքի, ռազմական տեխնիկայի եւ այլնի մատակարարմանը։

Համաձայնագրին կից արձանագրությամբ Կողմերը պարտավորվում են ազատ առեւտրի ռեժիմից հանվող ապրանքների մասով միմյանց տրամադրել առավել բարենպաստության ռեժիմ։ Համաձայնագիրն ունի նաեւ հավելված, որով սահմանված է ազատ առեւտրի ռեժիմից հանման ենթակա ապրանքների ցանկը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1999 թվականի սեպտեմբերի 2-ին Աստանայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրում եւ 1999 թվականի սեպտեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրին կից ազատ առեւտրի ռեժիմից հանումների մասին արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

21 հուլիսի 2000 թվականի
ՍԴՈ - 251

print page Տպել էջը