ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 20 դեկտեմբերի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ փոխադարձ առեւտրում անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին 2000 թվականի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Պետրոսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա համաձայնագիրը Կողմերի միջեւ ստորագրվել է 2000 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Մոսկվայում։ Համաձայնագրի նպատակն է նպաստել երկու երկրների տնտեսական ինտեգրացման հետագա խորացմանը, տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել հավասար հնարավորություններ եւ բարեխիղճ մրցակցության պայմաններ։

2. Համաձայնագիրը սահմանում է մի Պայմանավորվող կողմի մաքսային տարածքից արտահանվող եւ մյուս Պայմանավորվող պետության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների արտահանման եւ ներմուծման ժամանակ դրանց անուղղակի հարկերով՝ ավելացված արժեքի հարկով եւ ակցիզային հարկով, հարկելու կարգը։

Ապրանքների արտահանման ժամանակ, Կողմերի օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան, դրանք անուղղակի հարկերով հարկվում են զրոյական դրույքաչափով, իսկ ներմուծվող ապրանքներն անուղղակի հարկերով հարկվում են նշանակման երկրում՝ վերջինիս ազգային օրենսդրությանը համապատասխան։

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 2 կետին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարում են որոշակի ապրանքներ ներմուծող կամ արտադրող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, իսկ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածին համապատասխան զրոյական դրույքաչափով հարկումը, ըստ էության, նշանակում է ապրանքների ու ծառայությունների արտահանման նկատմամբ արտահանող երկրի տարածքում ավելացված արժեքի հարկով չհարկել։ Հետեւաբար, անուղղակի հարկերի՝ ըստ նշանակման երկրի գանձման սկզբունքի սահմանումը եւ քննության առարկա համաձայնագրի դրույթների կիրառումը Հայաստանի Հանրապետության հարկային դաշտում սկզբունքային փոփոխություններ չի առաջացնում։

3. Մինչեւ համապատասխան առանձին արձանագրության ընդունումը, սույն համաձայնագրով կարգավորվում է նաեւ ծառայությունների մատուցման հարկման գործընթացը։

4. Կողմերը պարտավորվում են ապրանքների տեղափոխման, հաշվառման իրականացման եւ տեղեկատվության փոխանակման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով օգտագործել Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության Ապրանքային անվանացանկը, որի մասին նշվում է նաեւ քննության առարկա համաձայնագրի նախաբանում հիշատակված եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից 1999 թվականի դեկտեմբերի 28-ին վավերացված՝ Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում։

5. Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ հարկային հարաբերությունների ոլորտի կարգավորմանն է ուղղված 1997 թ. դեկտեմբերի 26-ին վավերացված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին 1996 թ. դեկտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը։ Վերջինս, նպատակ ունենալով բացառել Պայմանավորվող պետությունների իրավաբանական եւ ֆիզիկական անձանց եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը, տարածվում է միայն ուղղակի հարկերի, այն է՝ շահութահարկի, եկամտահարկի, գույքահարկի եւ հողի հարկի վրա։

Քննության առարկա համաձայնագրով սահմանված՝ Պայմանավորվող պետությունների տարածք միմյանց հարկատուների կողմից ներմուծվող ապրանքներից անուղղակի հարկերի գանձման սկզբունքները պայմաններ են ստեղծում անուղղակի հարկերով կրկնակի հարկումը բացառելու համար։ Սրանով հարկային դաշտում բոլոր հարկատուների համար ապահովվում են տնտեսական գործունեության հավասար պայմաններ, ինչը նպաստում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 հոդվածում ամրագրված ազատ տնտեսական մրցակցությանը եւ հավասար իրավական պաշտպանությանը։

6. Համաձայնագիրը չի խոչընդոտում Կողմերի իրավունքը կիրառելու անհրաժեշտ միջոցներ ներքին արտադրողների եւ ազգային շուկայի շահերի պաշտպանության համար՝ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին եւ նորմերին համապատասխան (հոդված 7), ինչը բխում է ՀՀ Սահմանադրության 1 հոդվածում ամրագրված՝ պետության ինքնիշխանության սկզբունքից։

7. ՀՀ Սահմանադրության 46 հոդվածն ամրագրում է յուրաքանչյուր անձի հարկեր, տուրքեր վճարելու պարտականությունը՝ օրենքով սահմանված չափով եւ կարգով։ ՀՀ Սահմանադրության 6 հոդվածի համաձայն միջազգային պայմանագրերը կազմում են Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասը եւ քննության առարկա համաձայնագրով հարկման սկզբունքների սահմանումը չի հակասում Սահմանադրության նախորդ հոդվածի պահանջներին։

8. Համաձայնագիրը, երկու Պայմանավորվող պետությունների տնտեսավարող սուբյեկտների համար սահմանելով անուղղակի հարկերի գանձման միեւնույն պայմաններն ու սկզբունքները, ապահովում է ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով սահմանված՝ արտաքին քաղաքականության իրականացման փոխշահավետության սկզբունքի իրացումը։

9. Համաձայնագրով նախատեսված է դրանում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, գործողության հնգամյա ժամկետը երկարաձգելու, համաձայնագրի կիրառման ու մեկնաբանման հետ կապված տարաձայնությունները լուծելու կարգը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով« «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ փոխադարձ առեւտրում անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին 2000 թվականի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

20 դեկտեմբերի 2000 թվականի
ՍԴՈ - 268

print page Տպել էջը