ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1992 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ՝ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, փետրվարի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի եւ 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետի, 25 հոդվածի 1-ին կետի, 21 եւ 56 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «1992 թվականի փետրվարի 14-ի Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջեւ զինծառայողների, զինվորական ծառայությունից ազատված անձանց եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ու իրավական երաշխիքների մասին համաձայնագրին կից՝ 2000 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն արձանագրությունն ստորագրվել է 2000 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում՝ Կողմերի զինծառայողների, զինվորական ծառայությունից ազատված անձանց եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ու իրավական պաշտպանության ապահովման հարցերում համաձայնեցված գործողությունների իրականացման նպատակով:

2. Արձանագրությունը լրացնում է 1992 թվականի փետրվարի 14-ի Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջեւ զինծառայողների, զինվորական ծառայությունից ազատված անձանց եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ու իրավական երաշխիքների մասին համաձայնագիրը՝ ավելի ընդլայնելով զինծառայողների, զինվորական ծառայությունից ազատված անձանց եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ու իրավական պաշտպանվածության երաշխիքները, նպաստներ եւ փոխհատուցումներ տրամադրելու շրջանակները, ինչպես նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների սահմանները հատելիս նրանց մաքսային եւ որոշ հարկային արտոնություններ է տրամադրում:

3. Արձանագրությամբ նախատեսվում է, որ նախկին ԽՍՀՄ զինված ուժերում, այլ զորքերում, զինվորական կազմավորումներում եւ մարմիններում զինվորական ծառայությունն անցած եւ ԱՊՀ պետությունների զինված ուժեր, այլ զորքեր, զինվորական կազմավորումներ եւ մարմիններ զինվորական ծառայության տեղափոխված (ընդունված) քաղաքացիների վրա, ԱՊՀ մի պետությունից մյուսը մշտական բնակության վայր նրանց տեղափոխման դեպքում, տարածվում են մշտական բնակության վայր ընտրված պետության օրենսդրությամբ եւ այլ նորմատիվ իրավական ակտերով զինծառայողների համար սահմանված իրավունքներն ու արտոնությունները, երաշխիքներն ու փոխհատուցումները:

4. Արձանագրությամբ նախատեսվում են Կողմերի տարածքներում զինծառայողների, զինվորական ծառայությունից ազատված անձանց եւ նրանց ընտանիքների անդամների՝ կրթություն ստանալու եւ մանկական նախադպրոցական հաստատություններից օգտվելու հնարավորությունները, սահմանվում՝ երկաթուղային, ջրային, օդային ու ավտոմոբիլային տրանսպորտից անվճար օգտվելու հիմքերն ու կարգը, եւ զբաղեցրած բնակարանները փոխանակելու իրավունքը:

5. Արձանագրությամբ նախատեսվում է, որ զինծառայողների կամ վարժական հավաքների կանչված քաղաքացիների՝ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ զոհվելու (մահվան), կամ ստացած հաշմության հետեւանքով զինվորական ծառայությունից (վարժական հավաքից) ազատվելու օրվանից մեկ տարվա ընթացքում մահանալու, կամ առաջացած հիվանդության դեպքում, նրանց ընտանիքների անդամներին վճարվում են նպաստներ, փոխհատուցումներ եւ ապահովագրական գումարներ, այն նորմերով եւ կարգով, որոնք նախատեսված են ԱՊՀ այն պետության քաղաքացիություն ունեցող ընտանիքների անդամների համար, որի զինված ուժերում, այլ զորքերում, զինվորական կազմավորումներում եւ մարմիններում զինվորական ծառայություն (վարժական հավաք) են անցել զինծառայողները (քաղաքացիները):

6. Արձանագրությունում նախատեսված են նաեւ դրա ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթներ:
Արձանագրությունը կնքված է մեկ բնօրինակով՝ ռուսերենով:

7. Սույն արձանագրությամբ սահմանված դրույթները համահունչ են 1948թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, 1950թ. Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայում եւ 1966թ. Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին պակտում ամրագրված սկզբունքներին եւ նորմերին:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ.

1. 1992 թվականի փետրվարի 14-ի Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջեւ զինծառայողների, զինվորական ծառայությունից ազատված անձանց եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ու իրավական երաշխիքների մասին համաձայնագրին կից՝ 2000 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ . ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2 փետրվարի 2001 թվականի
ՍԴՈ - 280

print page Տպել էջը