ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԽՈՒՍԱՓՈՒՄՆ ՈՒ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 5 փետրվարի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի եւ 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետի, 25 հոդվածի 1-ին կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1997թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու եւ հարկային խուսափումն ու խարդախությունը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Խաչատրյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 1997թ. դեկտեմբերի 9-ին՝ Փարիզում: Ֆրանսիական կողմն այն վավերացրել է 18. 01. 2001թ.:

Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտներ հանդիսացող անձանց նկատմամբ եւ նպատակ ունի բացառել եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը, ինչպես նաեւ կանխել հարկային խուսափումն ու խարդախությունը:

Համաձայնագիրը սահմանում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց շրջանակը, որոնց վրա տարածվում են համաձայնագրի դրույթները: Այն կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային ստորաբաժանումների, կամ տեղական իշխանությունների կողմից սահմանված եկամտից եւ գույքից գանձվող հարկերի նկատմամբ՝ անկախ դրանց գանձման եղանակից:

Ըստ համաձայնագրի, եկամտից եւ գույքից գանձվող հարկեր են համարվում ամբողջ եկամտի, ամբողջ գույքի կամ եկամտի, կամ գույքի առանձին տարրերի նկատմամբ սահմանված բոլոր տեսակի հարկերը, ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացած հավելաճը, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի ընդհանուր գումարը, ինչպես նաեւ գույքի արժեքաճի հարկերը:

Համաձայնագրով սահմանված են գործող հարկերի տեսակները, հարկման օբյեկտները, կրկնակի հարկումը բացառելու եղանակներն ու դեպքերը: Դրանում նախատեսված են նաեւ դրույթներ՝ Պայմանավորվող պետությունների միջեւ հարկային օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, հարկային խտրականությունը բացառելու, հարկերի գանձման գործում միմյանց աջակցություն ցույց տալու վերաբերյալ:

Համաձայնագիրն ինչպես կառուցվածքային, այնպես էլ բովանդակային առումով համապատասխանում է միջազգայնորեն ճանաչված պայմանագրերի իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ուղղված է ընդհանուր միջազգային իրավունքի համընդհանուր պարտադիր բնույթ կրող՝ պետությունների համագործակցության սկզբունքի գործնական իրականացմանը:

Համաձայնագրով ստանձնված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4, 6 եւ 9 հոդվածների դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1997թ. դեկտեմբերի 9-ին Փարիզում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու եւ հարկային խուսափումն ու խարդախությունը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

5 փետրվարի 2001 թվականի
ՍԴՈ - 283

print page Տպել էջը