ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 20 փետրվարի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարար Կ. Պետրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության եւ Բելառուսի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեի միջեւ համագործակցության ու փոխգործակցության մասին 2000 թվականի մայիսի 24-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Պետրոսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագրի նպատակը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության եւ Բելառուսի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեի միջեւ տնտեսության ոլորտում հանցագործությունների, կոռուպցիայի, միջազգային ահաբեկչության եւ այլ հանցագործությունների դեմ պայքարում համագործակցությունն ու փոխգործակցությունն է:

2. Համաձայնագրով Կողմերն ստանձնել են հետեւյալ պարտավորությունները.

- համագործակցել հետախուզական եւ հակահետախուզական գործունեության կոնկրետ հիմնախնդիրների լուծման ընթացքում,

- իրականացնել համատեղ միջոցառումներ տնտեսության ոլորտում հանցագործությունների, մաքսանենգության, թմրաբիզնեսի, միջազգային ահաբեկչության եւ այլ հանցագործությունների դեմ պայքարում,

- ցուցաբերել օգնություն հանցագործությունների հայտնաբերման, կանխման, բացահայտման եւ այլ գործերում,

- իրականացնել համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ,

- իրականացնել միջոցառումներ զենքի եւ զինամթերքի, պայթուցիկ եւ թունավոր նյութերի՝ Կողմերի տարածքներով ապօրինի տեղափոխման բացահայտման եւ կանխարգելման հետ կապված հարցերում,

- համագործակցել ուսումնական հաստատությունների հիմքի վրա կադրերի պատրաստման եւ վերոհիշյալ հանցագործությունների դեմ պայքարում համատեղ գիտական հետազոտությունների անցկացման հարցերում,

- ապահովել օպերատիվ տեղեկատվություն Կողմերի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային անվտանգության մյուս ոլորտներին առնչվող իրավիճակների մասին,

- համատեղ միջոցառումների իրականացման ընթացքում պահպանել գաղտնապահության պահանջները,

- փոխգործակցել կապի միջոցների շահագործման եւ նյութատեխնիկական ապահովման հարցերում,

- հետազոտել եւ բուժել Կողմերի անվտանգության մարմինների աշխատակիցներին ու թոշակառուներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամներին եւ աջակցել դրանց հետ կապված հարցերում:

3. Համաձայնագրի դրույթները չեն հակասում ՀՀ ստանձնած այլ միջազգային պարտավորություններին եւ համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մի շարք դրույթներին (մասնավորապես, հոդվածներ 9, 89 կետ 6):

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության եւ Բելառուսի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեի միջեւ համագործակցության ու փոխգործակցության մասին 2000 թվականի մայիսի 24-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

20 փետրվարի 2001 թվականի
ՍԴՈ - 286

print page Տպել էջը