ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 29 հունիսի 2001թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա.Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ Հ. Հարոյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի նախարարների կաբինետի միջեւ արտակարգ իրավիճակների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման ասպարեզում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորոթյունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ.Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Հարոյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի մարտի 1ին՝ Կիեւում, որի նպատակն արտակարգ իրավիճակների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման բնագավառում Կողմերի միջեւ համագործակցությունն է, ընդ որում, համաձայնագրում մասնավորեցված են այդ համագործակցության հիմնական ուղղությունները, որոնք ընդգրկում են արտակարգ իրավիճակների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման, տեղեկության օպերատիվ փոխանակման կազմակերպման, փոխադարձ օգնության ցուցաբերման, ինչպես նաեւ այլ ուղղություններ:
Համաձայնագրի կատարման նպատակով նախատեսված է ստեղծել Արտակարգ իրավիճակների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման բնագավառում համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողով, որը պետք է գործի համաձայնագրով սահմանված կարգին համապատասխան:

2. Համաձայնագրում նախատեսված են արտակարգ իրավիճակների դեպքում օգնության ցուցաբերման կարգն ու տեսակները, համաձայն որոնց՝ Կողմերը միմյանց օգնություն են ցուցաբերում համապատասխան հարցման հիման վրա՝ Կողմերի օրենսդրությանը եւ նրանցից յուրաքանչյուրի միջոցների առկայությանը համապատասխան: Օգնություն կարող է ցուցաբերվել հարցում անող Կողմի մարդկանց, նյութական արժեքների փրկության եւ շրջակա բնական միջավայրի պահպանության համար, ընդ որում, օգնություն ցուցաբերող խմբերին արտակարգ իրավիճակի գոտում ստեղծված վիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, թարգմանիչներով, կապի միջոցներով, անվճար բժշկական սպասարկմամբ, սննդով, պաշտպանությամբ եւ այդ խմբերի գործողությունների համակարգումն ապահովում է հարցում անող Կողմը:

3. Համաձայնագրով Կողմերն ստանձնում են հետեւյալ հիմնական պարտավորությունները.
կազմակերպել օգնություն ցուցաբերող խմբերի տարանցման պետության պետական սահմանն անցնելը,
հարկման չենթարկել կամ որեւէ տուրք չգանձել հարցում անող Կողմի պետության տարածք ներկրվող՝ օգնություն ցուցաբերող խմբերի անդամների հանդերձանքի, ապահովման նյութերի եւ անձնական իրերի դիմաց,
համաձայնագրում նախատեսված կարգով տրամադրող Կողմին վերադարձնել օգնության աշխատանքների ավարտից հետո թմրանյութեր պարունակող դեղամիջոցների մնացորդը,
հարցում անող Կողմին տեղեկացնել օգնություն ցուցաբերելու համար օդանավերի օգտագործման որոշման մասին, տրամադրող Կողմին ազատել հարցում անող Կողմի պետության տարածքի վրայով իր օդանավերի թռիչքի հետ կապված պարտադիր վճարներից,
այլ պայմանավորվածության բացակայության դեպքում հատուցել տրամադրող Կողմին օգնություն ցուցաբերելու ընթացքում վերջինիս կրած ծախսերը,
օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հարցում անող Կողմի խնդրանքը չեղյալ հայտարարելիս՝ փոխհատուցել տրամադրող Կողմի կրած ծախսերը,
օգնության ցուցաբերման աշխատանքների ավարտից հետո հարցում անող Կողմի իրավասու մարմնին գրավոր զեկուցել կատարված աշխատանքների մասին,
տրամադրող Կողմին պահանջներ չներկայացնել համաձայնագրի իրականացման հետ կապված խնդիրների կատարման ընթացքում մարդկանց մահվան կամ խեղումներ ստանալու, սեփականության վնասման կամ կորստի, շրջակա միջավայրին հասցված վնասի համար եւ տրամադրող Կողմին վճարել փոխհատուցում՝ մարդկանց մահվան կամ խեղումներ ստանալու, ինչպես նաեւ սարքավորումներին կամ այլ սեփականությանը հասցված վնասի կամ կորստի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասը հասցվել է օգնություն ցուցաբերող խմբի անդամի մեղքով:

4. Համաձայնագրում նախատեսված են նաեւ դրույթներ արտակարգ իրավիճակներում օգնության ցուցաբերման դեպքում Կողմերի ազգային օրենսդրության կիրառման, պետական սահմանի անցման, աշխատանքների կատարման հետ կապված՝ օդանավերի, հանդերձանքի եւ այլ նյութերի օգտագործման պայմանների, ստացված տեղեկությունների օգտագործման, հնարավոր վեճերի կարգավորման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու եւ դրա գործողությունը դադարելու վերաբերյալ:

5. Համաձայնագրում ամրագրված վերոհիշյալ պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պետությունների հետ ապահովում են բարիդրացիական եւ փոխշահավետ համագործակցություն: Այդ պարտավորությունները չեն հակասում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված կոնվենցիայի, ինչպես նաեւ 1966 թվականի դեկտեմբերի 16ին ստորագրված՝ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (կից կամընտիր արձանագրությամբ) դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կե-տով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2001 թվականի մարտի 1ին Կիեւում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի նախարարների կաբինետի միջեւ արտակարգ իրավիճակների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման ասպարեզում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը :

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԱՀԻ ՏԵՂԱԿԱԼՎ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

29 հունիսի 2001 թվականի
ՍԴՈ - 310

print page Տպել էջը