ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 21 օգոստոսի 2001թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա.Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հ. Երիցյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Երիցյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 1995 թվականի ապրիլի 30ին՝ Դամասկոսում, որի նպատակը Կողմերի տարածքների միջեւ եւ այդ տարածքներից դուրս կանոնավոր օդային հաղորդակցություններ հաստատելն է:
Համաձայնագրով նախատեսվում են օդային հաղորդակցության հետեւյալ տեսակները.
Կողմերի տարածքների վրայով անվայրէջք թռիչքների իրագործում,
Կողմերի տարածքներում սահմանված վայրերում ոչ առեւտրային նպատակներով վայրէջքների կատարում,
Կողմերի տարածքների համապատասխան վայրեր մեկնող կամ այդ վայրերից ժամանող ուղեւորների, ուղեբեռների, բեռների եւ փոստի ընդունում եւ իջեցում,
երրորդ երկրների տարածքի՝ համաձայնագրի հավելվածում նշված վայրերում մյուս Կողմի տարածքի վայրեր մեկնող կամ այդ վայրերից ժամանող ուղեւորների, ուղեբեռների, բեռների, փոստի իջեցում եւ ընդունում:

2. Համաձայնագրով Կողմերն ստանձնում են հետեւյալ հիմնական պարտավորությունները.
տրամադրել համապատասխան իրավունքներ համաձայնագրով նախատեսված օդային հաղորդակցության իրականացման նպատակով, օդային հաղորդակցության իրականացման ընթացքում օրենսդրական եւ նորմատիվ իրավական այլ ակտերը կիրառել համաձայնագրում նախանշված պայմաններին համապատասխան, ընդ որում՝ առանց միակողմանի որեւէ արտոնության նախատեսման,
համաձայնագրի կատարման ընթացքում պահպանել նաեւ ստանձնած միջազգային իրավական պարտավորություններն այն մասով, որոնք վերաբերում են անվտանգության խնդիրներին,
անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել՝ կանխելու քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիք:

3. Ըստ համաձայնագրի՝ յուրաքանչյուր Կողմ միջազգային կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով իրավունք ունի նշանակելու մեկ ավիաընկերություն եւ այդ մասին գրավոր ծանուցել մյուս Կողմին, իսկ վերջինս պարտավոր է այդ ավիաընկերությանը տրամադրել շահագործման անհրաժեշտ լիազորություն:
Նշանակված ավիաընկերությունն իրավունք չունի մյուս Կողմի տարածքի վայրերի միջեւ վճարով կամ վարձակալությամբ տեղափոխելու ուղեւորներ, բեռներ կամ փոստ:

4. Համաձայնագրում նախատեսված են նաեւ դրույթներ նորմատիվ իրավական ակտերի կիրառման առանձնահատկությունների, ավիափոխադրումների անվտանգության ապահովման, ավիաընկերություններին անհրաժեշտ լիազորություններ տրամադրելու եւ չեղյալ հայտարարելու, մաքսային եւ այլ գանձումներ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կարգի, հնարավոր տարաձայնությունների կարգավորման եւ համաձայնագրի շրջանակներում համագործակցության այլ պայմանների վերաբերյալ:
Նախատեսված են նաեւ դրույթներ համաձայնագրի ուժի մեջ մտնելու եւ դադարելու ընթացակարգերի վերաբերյալ:
Համաձայնագրի ավելվածում սահմանված են Կողմերի միջեւ նախատեսված օդային հաղորդակցության երթուղիները:

5. Համաձայնագրում ամրագրված վերոհիշյալ պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ պետությունների հետ ապահովում են բարիդրացիական եւ փոխշահավետ համագործակցություն: Այդ պարտավորությունները չեն հակասում նաեւ 1944 թվականի դեկտեմբերի 7ին Չիկագոյում ստորագրված՝ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1995 թվականի ապրիլի 30ին Դամասկոսում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

21 օգոստոսի 2001թ.
ՍԴՈ - 312

print page Տպել էջը