ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ /ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ/ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 3 հոկտեմբերի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գ. Մարտիրոսյանի, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «2001 թվականի սեպտեմբերի 6-ին Վաշինգտոնում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ զարգացման վարկային համաձայնագրում /Ոռոգման համակարգի զարգացման ծրագիր/ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Մարտիրոսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Վաշինգտոնում: Համաձայնագրի նպատակը Հայաստանի Հանրապետությանը 19 միլիոն 800 հազար SDR (24.86 մլն ԱՄՆ-ի դոլար) գումարով վարկի տրամադրումն է՝ ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման, ինքնահոս ոռոգում իրականացնելու եւ երրորդային ոռոգման ցանցերի նախագծման ու վերահսկման համար:

2. Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում «Զարգացման վարկի համաձայնագրերում կիրառվող ընդհանուր պայմանները» եւ սույն համաձայնագրով նախատեսված փոփոխությունները (Ընդհանուր պայմաններ):

3. Համաձայնագրի հավելվածներով սահմանված են վարկի գումարից մասհանումների կարգը եւ պայմանները, ապրանքների գնման եւ խորհրդատուների ընտրության, ինչպես նաեւ ծրագրի ընդհանուր նկարագրությունը եւ դրա իրականացմանն առնչվող հարցերը:

4. Համաձայնագիրը որպես ծրագրի փակման օր նախատեսում է 2007թ. մարտի 31-ը կամ ավելի ուշ, որը կսահմանի Ընկերակցությունը՝ այդ մասին տեղյակ պահելով Փոխառուին:

5. Գնահատելով համանման պայմանագրերի իրականացման իրավակիրառական պրակտիկան, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաեւ, որ ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 03.03.1998թ. որոշումը (ՍԴՈ-93), որում մասնավորապես նշված են ոռոգման համակարգի վերականգնման ծրագրի առնչությամբ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում տեղ գտած բացթողումները, իր 2001թ. մայիսի 17-ի N 440 որոշմամբ ձեռնարկել է մի շարք միջոցներ՝ թերացումները հետագայում բացառելու համար:

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.
ա) սահմանված կարգով վճարել պարտավորության վճար՝ վարկի պարբերաբար չօգտագործման հիմնական գումարի դիմաց, որը չպետք է գերազանցի տարեկան 1 %-ի կեսը,
բ) սահմանված կարգով մուծել ծառայությունների վարձ՝ վարկի հիմնական գումարից հանված եւ չվճարված գումարի տարեկան 1 %-ի 3/4-ը,
գ) պատշաճ ձեւով իրականացնել ծրագիրը՝ ապահովելով վարչական, ֆինանսական, ճարտարագիտական, բնապահպանական եւ այլ միջոցառումներ,
դ) Ընկերակցության պահանջով վարկի օգտագործման վերաբերյալ պարբերաբար տրամադրել ամբողջական տեղեկություններ,
ե) Ընկերակցության համար ընդունելի ձեւով կազմել ֆինանսական հաշվետվություններ,
զ) որոշակի գործողությունների պլանի ավարտից հետո, Ընկերակցության համար ընդունելի ուղեցույցների համաձայն, եռամսյակային պարբերականությամբ պատրաստել եւ ներկայացնել ծրագրի կառավարման հաշվետվություններ,
է) ներկայացնել յուրաքանչյուր տարվա համար հատուկ հաշվի՝ անկախ հաշվեքննիչների կողմից իրականացված հաշվեքննության արդյունքները,
ը) ընդունել «Ջրօգտագործողների միությունների մասին» օրենք,
թ) բացել 250 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք սկզբնական գումարով հաշիվ՝ որպես զարգացման վարկի համաձայնագրի ուժի մեջ մտնելու լրացուցիչ պայման,
ժ) ծրագիրն իրականացնել համաֆինանսավորման կարգով:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2001 թվականի սեպտեմբերի 6-ին Վաշինգտոնում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ զարգացման վարկային համաձայնագրում /Ոռոգման համակարգի զարգացման ծրագիր/ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

3 հոկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ - 319

print page Տպել էջը