ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԿԱՆԽԱՎՃԱՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 30 հոկտեմբերի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գ. Մարտիրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2001 թվականի սեպտեմբերի 18-ին Երեւանում ստորագրված՝ Կանխավճար համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի նախապատրաստման համար նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Մարտիրոսյանի բացատրությունները, հետազոտելով նամակ-համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա նամակ-համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի սեպտեմբերի 18-ին Երեւանում՝ Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի նախապատրաստման հետ կապված մի շարք ծախսերի ֆինանսավորմանն ուղղված 1.195.000 ԱՄՆ-ի դոլար գումարի հատկացման նպատակով:

Կանխավճարի գումարի՝ տոկոսի կամ ծառայության վճարի հետ միասին, վերադարձնելը կիրականացվի 2003թ. հունվարի 31-ին:

2. Նամակ-համաձայնագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը (Ստացող) որեւէ առեւտրային բանկում ԱՄՆ-ի դոլարով կարող է բացել հատուկ դեպոզիտային հաշիվ՝ Միջազգային զարգացման ընկերակցության կողմից սահմանված դրույթներին եւ պայմաններին համապատասխան, միաժամանակ իրականացնելով համապատասխան պաշտպանություն բռնագրավումից, առգրավումից, կալանումից:

3. Նամակ-համաձայնագրով սահմանվում է հատուկ հաշվից կատարվող վճարումների եւ հատուկ հաշվի համալրման կարգը, կարգավորվում են խորհրդատվական ծառայություններին եւ ապրանքների ու աշխատանքների գնման առնչությամբ առաջացող հարաբերությունները, կանխավճարից մասհանումներ կատարելու, կանխավճարի գումարից հանված եւ հետ չվճարված գումարներից ծառայության վճար կամ տոկոս գանձելու, կանխավճարի գումարի վերադարձմանն առնչվող հարաբերությունները:

4. Նամակ-համաձայնագրի մասն են կազմում 4 հավելվածները, որոնք նվիրված են կանխավճարի ստացման դրույթներին ու պայմաններին (հավելված 1), հատուկ հաշվին (հավելված 2), խորհրդատվական ծառայություններին եւ ապրանքների ու աշխատանքների գնումներին (հավելված 3), ծրագրի նախապատրաստմանն ուղղված ֆինանսական դրույթներին (հավելված 4):

5. Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ՝ կապված նամակ-համաձայնագրով նախատեսված ծախսերը համաֆինանսավորման կարգով հոգալու, տարեկան 0,75%-ի չափով ծառայության վճար վճարելու, ինչպես նաեւ հիմնական վարկային պայմանագիրը չկնքելու դեպքում կանխավճարի ամբողջ գումարը եւ տոկոսների գումարները վերադարձնելու հետ:

6. Նամակ-համաձայնագրում նախատեսված են դրույթներ նամակ-համաձայնագրի ուժի մեջ մտնելու, դադարելու, ծրագրի նախապատրաստման իրականացման մանրամասների եւ կատարման վերահսկման վերաբերյալ:

7. Նամակ-համաձայնագրի ժամանակացույցով նախատեսված են կանխավճարի գումարների ծախսման ուղղությունները, ապրանքների ձեռքբերման եւ խորհրդատվական ծառայությունների մատուցման կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2001 թվականի սեպտեմբերի 18-ին Երեւանում ստորագրված՝ Կանխավճար համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի նախապատրաստման համար նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

30 հոկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ - 333

print page Տպել էջը