ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 9 նոյեմբերի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միջպետական բանկի միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում Միջպետական բանկի գտնվելու պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Տ. Խաչատրյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի հունվարի 27-ին՝ Երեւանում, որի խնդիրը Հայաստանի Հանրապետության տարածքում Միջպետական բանկի գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումն է: Այդ նպատակով, Միջպետական բանկն իր առանձնացված ստորաբաժանման միջոցով իրավասու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել միջազգային եւ այլ համաձայնագրեր, ձեռք բերել, վարձակալել, օտարել շարժական եւ անշարժ գույք եւ տնօրինել դրանք, իր անունից հանդես գալ դատական եւ արբիտրաժային մարմիններում, իրականացնել իր կանոնադրական խնդիրների լուծմանն ուղղված այլ գործողություններ: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում Միջպետական բանկի առանձնացված ստորաբաժանման տարածքը, գույքը եւ արխիվներն անձեռնմխելի են, սակայն չեն կարող օգտագործվել առանձնացված ստորաբաժանման խնդիրների եւ գործառույթների հետ կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության, նրա քաղաքացիների եւ իրավաբանական անձանց շահերին անհամատեղելի նպատակներով:

2. Համաձայնագրով նախատեսված է, որ Միջպետական բանկի եւ Հայաստանի Հանրապետությունում վերջինիս առանձնացված ստորաբաժանման պաշտոնատար անձինք օգտվում են այնպիսի արտոնություններից եւ իմունիտետից, որպիսիք տրամադրված են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին, բացառությամբ՝ քաղաքացիական պատասխանատվության դեպքերի:

3. Համաձայնագրով Կողմերը հիմնականում պարտավորվել են.

- Միջպետական բանկի առանձնացված ստորաբաժանմանը վերապահել նույնպիսի դատավարական իրավունքներ, ինչպիսիք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տրված են իրավաբանական անձանց,

- գործադիր իշխանության մարմինների համար սահմանված պայմաններով աջակցել Միջպետական բանկի առանձնացված ստորաբաժանմանը՝ իր գործառույթների կատարման համար իր հաշվին տարածքի ձեռքբերման կամ վարձակալության հարցերում, ազատելով Հայաստանի Հանրապետության տարածքում շահութահարկի եւ գույքահարկի վճարումից,

- Միջպետական բանկի առանձնացված ստորաբաժանման միջոցների հաշվին աջակցել նրան կապի ծառայություններով, պահպանությամբ, տրանսպորտային, կոմունալ կամ այլ ծառայություններով,

- Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային գործունեություն իրականացնել նման գործունեության իրականացման կարգի եւ կանոնների մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնագրի պահանջներին համապատասխան:

4. Համաձայնագրով կանոնակարգված է Միջպետական բանկի եւ Հայաստանի Հանրապետությունում նրա առանձնացված ստորաբաժանման գործունեության հսկողության, համաձայնագրով տրամադրված իմունիտետի կիրառման, բանկի ստորաբաժանման աշխատակիցների կողմից սոցիալական պարտադիր մուծումների իրականացման կարգը:

5. Համաձայնագրի բաղկացուցիչ մասն է կազմում 2001 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արված հայտարարությունը՝ համաձայնագրի 9 հոդվածի 8-րդ պարբերության վերաբերյալ, որով հստակեցված են ծառայության ավարտից հետո Միջպետական բանկի եւ վերջինիս առանձնացված ստորաբաժանման պաշտոնատար անձանց անձեռնմխելիության կիրառման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նրանց քաղաքացիաիրավական եւ քրեական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերը:

6. Համաձայնագրում նախատեսված են նաեւ դրույթներ համաձայնագրի ուժի մեջ մտնելու եւ դադարելու, դրանում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ հնարավոր տարաձայնությունների լուծման ընթացակարգերի վերաբերյալ:

7. Համաձայնագրում ամրագրված պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1999 թվականի հունվարի 27-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միջպետական բանկի միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում Միջպետական բանկի գտնվելու պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը :

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ
Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

9 նոյեմբերի 2001 թվականի
ՍԴՈ - 335

print page Տպել էջը