ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀՆՉՅՈՒՆԱԳՐԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ԻՐԵՆՑ ՀՆՉՅՈՒՆԱԳՐԵՐԸ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1971 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 27 նոյեմբերի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքների ազգային գործակալության պետ Ա. Ազիզյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հնչյունագրեր արտադրողների շահերը իրենց հնչյունագրերը անօրինական վերարտադրությունից պահպանելու մասին 1971 թվականի հոկտեմբերի 29-ին Ժնեւում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Ազիզյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Կոնվենցիան ստորագրվել է 1971 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Ժնեւում:

Կոնվենցիայի նպատակը հնչյունագրերի ապօրինի վերարտադրումից հնչյունագրեր արտադրողների շահերի պահպանությունն է:

2. Կոնվենցիան նախատեսում է, որ յուրաքանչյուր մասնակից պետություն պետք է պահպանի այլ մասնակից պետության հնչյունագրեր արտադրողների շահերը՝ առանց արտադրողների համաձայնության կրկնօրինակների պատրաստումից, ներմուծումից եւ տարածումից:

3. Կոնվենցիան սահմանում է, որ մասնակից պետության ազգային օրենսդրությամբ պետք է պահպանվի հեղինակային իրավունքը կամ այլ բացառիկ իրավունքները, օրենքով ապահովվի ազնիվ մրցակցությունը, ինչպես նաեւ սահմանվեն քրեական պատժամիջոցներ: Կոնվենցիան սահմանում է նաեւ հնչյունագրերի պահպանության որոշակի տեւողություն:

4. Կոնվենցիան իրավունք է ընձեռում ազգային օրենսդրությամբ նախատեսել այնպիսի սահմանափակումներ, ինչպիսիք թույլատրված են գրական կամ արվեստի ստեղծագործությունների հեղինակների շահերի պահպանության համար, սակայն սույն կոնվենցիայով, ազգային օրենքով կամ միջազգային համաձայնագրով չի կարող սահմանափակվել հնչյունագրեր արտադրողների շահերի հետ առնչվող երաշխավորված պահպանությունը:

5. Կոնվենցիայի դրույթները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 36 հոդվածի պահանջներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հնչյունագրեր արտադրողների շահերը իրենց հնչյունագրերը անօրինական վերարտադրությունից պահպանելու մասին 1971 թվականի հոկտեմբերի 29-ին Ժնեւում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27 նոյեմբերի 2001 թվականի
ՍԴՈ - 340

print page Տպել էջը