ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 11 դեկտեմբերի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Հ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին 2001 թվականի հունիսի 1-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Հարությունյանի բացատրությունը, ուսումնասիրելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի հունիսի 1-ին Մինսկում՝ համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովելու նպատակով:

2. Համաձայնագրով Կողմերն ստանձնում են հետեւյալ հիմնական պարտավորությունները.

- համագործակցել համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների կանխման, հայտնաբերման, խափանման, բացահայտման եւ քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով,

- ձեռնարկել անհրաժեշտ կազմակերպչական եւ իրավական միջոցներ սույն համաձայնագրի դրույթներն իրագործելու համար,

- ներդաշնակեցնել ազգային օրենսդրությունը համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բնագավառում,

- կատարել այն ծախսերը, որոնք կծագեն սույն համաձայնագրի իրագործման ընթացքում:

3. Համագործակցությունն իրականացվում է աջակցություն ցուցաբերելու մասին Կողմերի իրավասու մարմինների հարցումների հիման վրա:

Հարցվող Կողմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հարցման արագ եւ հնարավորինս ամբողջական կատարումն ապահովելու համար:

Հարցման կատարումը կարող է մերժվել ամբողջությամբ կամ մասամբ, եթե հարցվող Կողմը գտնում է, որ դրա կատարումը հակասում է իր ազգային օրենսդրությանը:

Կողմերի իրավասու մարմիններից յուրաքանչյուրը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ ստացված տեղեկատվության գաղտնիությունն ապահովելու համար, եթե այն տրամադրող իրավասու մարմինն անցանկալի է համարում դրա հրապարակումը:

4. Համաձայնագրով նախատեսվում են համակարգչային տեղեկատվության ոլորտում քրեորեն պատժելի արարքները, Կողմերի համագործակցության ձեւերը, ինչպես նաեւ վիճելի հարցերի լուծման, համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, դրա ուժի մեջ մտնելու, համաձայնագրից դուրս գալու կարգը:

5. Համաձայնագիրը կոչված է նպաստելու համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի առավել արդյունավետ կազմակերպմանը եւ համագործակցության իրավական հիմքերի ստեղծմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին 2001 թվականի հունիսի 1-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

11 դեկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ - 341

print page Տպել էջը