ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի «ՀԱՏՈՒԿ ԿԱՊԻ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ՝ «ՀԱՏՈՒԿ ԿԱՊԻ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 25 դեկտեմբերի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1993 թվականի դեկտեմբերի 23-ի «Հատուկ կապի առաքումների միջպետական փոխանակման մասին» համաձայնագրում եւ դրանով հաստատված՝ «Հատուկ կապի առաքումների միջպետական փոխանակման մասին» կարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մանուկյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Արձանագրությունն ստորագրվել է 2001 թվականի մարտի 16-ին՝ Մոսկվայում, որի նպատակը 1993 թվականի դեկտեմբերի 23-ին Աշխաբադում ԱՊՀ շրջանակներում ստորագրված՝ «Հատուկ կապի առաքումների միջպետական փոխանակման մասին» համաձայնագրում եւ դրանով հաստատված՝ «Հատուկ կապի առաքումների միջպետական փոխանակման մասին» կարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելն է, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է համաձայնագրի Կողմերի միջեւ հատուկ առաքումների տեղափոխման եւ նշանակության վայր հասցնելու տեխնոլոգիաների կատարելագործման, տեղափոխվող արժեքների պահպանությունն ապահովելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման եւ հատուկ առաքումների տեղափոխումն արագացնելու խնդիրներով:

2. Արձանագրությամբ Կողմերը հիմնականում պարտավորվել են սահմանել, որ.

- հատուկ առաքումներն անձեռնմխելի են եւ ենթակա չեն բացման կամ կալանքի, իսկ այն դեպքերում, երբ Կողմերի մաքսային ծառայությունները լուրջ հիմքեր ունեն ենթադրելու, որ հատուկ առաքումներում պարունակվում են այդ Կողմի օրենսդրության խախտումով տեղափոխվող ապրանքներ, իրավունք ունեն ձեռնարկել տվյալ Կողմի օրենսդրությամբ նախատեսված միջոցներ: Հատուկ կապի աշխատակցի անհամաձայնության դեպքում մյուս Կողմի մաքսային մարմնի որոշմամբ հատուկ առաքումը վերադարձվում է այն պետություն, որտեղից առաքվել է,

- ծառայողական պարտականությունները կատարելիս հատուկ կապի աշխատակիցն օգտվում է իր պետության եւ գտնվելու վայրի պետության իրավական պաշտպանությունից, ունի անձեռնմխելիության եւ տաբելային զենք կրելու իրավունք, պետք է ունենա պաշտոնական փաստաթուղթ՝ իր կարգավիճակի նշումով, եւ հարգի գտնվելու վայրի պետության ինքնիշխանությունը, պահպանի օրենսդրությունը,

- հատուկ կապի ծառայությունների աշխատակիցների վրա տարածվում են պետական եւ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանումն ապահովելու համար արտակարգ միջոցառումների ձեռնարկման պարտականությունները նման առաքումների նկատմամբ հանցավոր ոտնձգությունների դեպքում:

3. Արձանագրությամբ Կողմերը «Հատուկ կապի առաքումների միջպետական փոխանակման մասին» կանոնադրությունում լրացուցիչ սահմանել են հատուկ առաքումների բովանդակությունը, հատուկ առաքումների միջպետական փոխադրումների հետ կապված փաստաթղթերի արխիվային պահպանման ժամկետը, այդ առաքումներում պարունակվող պետական եւ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տվյալներ պարունակող տեղեկությունների հրապարակման եւ օգտագործման, ինչպես նաեւ հատուկ կապի ծառայությունների աշխատակիցներին անհրաժեշտության դեպքում պատասխանատվության ենթարկելու կարգը:

4. Արձանագրությամբ հստակեցված են նաեւ «Հատուկ կապի առաքումների միջպետական փոխանակման մասին» համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերի լուծման կարգը, ինչպես նաեւ՝ արձանագրության կարգավիճակը եւ ուժի մեջ մտնելու կարգն ու գործողության ժամկետը:

5. Արձանագրությունում ամրագրված պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ պետությունների հետ ապահովվում է բարիդրացիական եւ փոխշահավետ համագործակցություն:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1993 թվականի դեկտեմբերի 23-ի «Հատուկ կապի առաքումների միջպետական փոխանակման մասին» համաձայնագրում եւ դրանով հաստատված՝ «Հատուկ կապի առաքումների միջպետական փոխանակման մասին» կարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

25 դեկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ - 344

print page Տպել էջը