ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 16 ապրիլի 2002թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Ա. Մանուկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լատվիայի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին 2001 թվականի նոյեմբերի 6-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մանուկյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի նոյեմբերի 6-ին՝ Երեւանում: Համաձայնագրի նպատակն է կարգավորվել երկու երկրների միջեւ եւ տարանցիկ՝ նրանց տարածքներով միջազգային ավտոտրանսպորտային ուղեւորափոխադրումները եւ բեռնափոխադրումները, ինչպես նաեւ փոխադրումները՝ երրորդ երկրներից կամ դեպի երրորդ երկրներ:

2. Համաձայնագրով սահմանվում են բեռների եւ ուղեւորների ավտոտրանսպորտային փոխադրումների թույլտվության, փոխադրումների իրականացման մեխանիզմներն ու պայմանները:

3. Սույն համաձայնագրում նշված են նաեւ փոխադրումներ իրականացնող իրավասու մարմինները, ինչպես նաեւ երկու երկրներից մեկի տարածքում պայմանագրային պարտավորությունների եւ գործող օրենսդրության խախտումների դեպքում կիրառվող միջոցները:

4. Պայմանավորվող կողմերը նախատեսել են նաեւ դրույթներ համաձայնագրի մեկնաբանման եւ կատարման հետ կապված հարցերի լուծման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու, կատարման ժամկետի եւ դրա դադարեցման կարգի վերաբերյալ:

5. Համաձայնագրով Պայմանավորվող կողմերն ստանձնում են հետեւյալ պարտավորությունները.

- հիմնել Համատեղ կոմիտե,

- Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում փոխադրումներ իրականացնող՝ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գրանցված ավտոտրանսպորտային փոխադրամիջոցները, ինչպես նաեւ դրանց վառելանյութը եւ նորոգման համար նախատեսված պահեստամասերը, փոխադարձության սկզբունքի հիման վրա, ազատել գանձվող բոլոր հարկերից, մաքսատուրքերից ու վճարներից,

- փոխադրամիջոցների քաշի եւ ծավալների վերաբերյալ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գրանցված փոխադրամիջոցների վրա ավելի շատ սահմանափակող պայմաններ չդնել, քան իր սեփական տարածքում գրանցված փոխադրամիջոցների վրա:

6. Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով՝ յուրաքանչյուրը հայերեն, լատիշերեն եւ անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն համաձայնագրի մեկնաբանության հետ կապված տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:

7. ՀՀ սահմանադրական դատարանը քննության է առել միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների վերաբերյալ մի շարք համաձայնագրեր Բելառուսի, Ռումինիայի, Վրաստանի, Լիբանանի, Ղրղզստանի, Իտալիայի եւ Իսպանիայի հետ եւ որոշում կայացրել դրանց սահմանադրականության վերաբերյալ:

8. Համաձայնագրում ամրագրված պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ պետությունների հետ ապահովվում է բարիդրացիական եւ փոխշահավետ համագործակցություն:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լատվիայի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին 2001 թվականի նոյեմբերի 6-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

16 ապրիլի 2002 թվականի
ՍԴՈ - 359

print page Տպել էջը