ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2002Թ. ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԿԱՆԽԱՎՃԱՐ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՉՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ» PPF Q320-0 AM ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 4 հունիսի 2002թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Ս. Ամիրխանյանի, հրավիրված՝ Բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման ԾԻԳ-ի տնօրեն Ա. Իսոյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2002թ. մայիսի 7-ին Երեւանում ստորագրված՝ «Կանխավճար բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագրի նախապատրաստման համար» PPF Q320-0 AM նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Ամիրխանյանի եւ հրավիրված Ա. Իսոյանի բացատրությունները, հետազոտելով նամակ-համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. «Կանխավճար բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագրի նախապատրաստման համար» PPF Q320-0 AM նամակ-համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրվել է 2002թ. մայիսի 7-ին։

Դիմումը սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2002թ. մայիսի 23-ին եւ սահմանադրական դատարանի 2002թ. մայիսի 30-ի աշխատակարգային որոշմամբ այն ընդունվել է քննության։ Դիմողի պաշտոնական ներկայացուցչի կողմից 2002թ. մայիսի 30-ին սահմանադրական դատարան է ներկայացվել նշված նամակ-համաձայնագրի հայերեն խմբագրված տեքստը, ինչն էլ հիմք է ընդունվել գործի քննության ընթացքում։

2. Համաձայն քննության առարկա նամակ-համաձայնագրի՝ Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 450.000 ԱՄՆ դոլարը չգերազանցող կանխավճար, որի միջոցներով ֆինանսավորվելու են «Բնական պաշարների կառավարման եւ չքավորության կրճատման ծրագրի» նախապատրաստման որոշ ծախսեր։ ՀՀ կառավարությունը, աղքատության նվազեցման ուղղությամբ տարվող քաղաքականությունը համակարգելու եւ դրա արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով, 2001թ. մարտի 20-ի իր որոշմամբ հաստատել է աղքատության նվազեցման միջանկյալ ռազմավարական ծրագիր։ Քննության առարկա նամակ-համաձայնագրով տրամադրվող կանխավճարի միջոցներն ուղղվելու են այդ ծրագրի մի հատվածի իրականացմանը։ Կանխավճարի նպատակն է նպաստել բնական պաշարների կառավարման փորձառության զարգացմանը եւ նվազեցնել գյուղական չքավորությունը Հայաստանի լեռնային ու բարձր լեռնային հյուսիսային շրջաններում։

Միջազգային զարգացման ընկերակցության տրամադրած կանխավճարի միջոցներով ֆինանսավորվելու են ծրագրի իրականացման նախապատրաստման նպատակներով իրականացվելիք փոքրածավալ շինարարական աշխատանքների ուսումնասիրությունն ու նախագծումը, տեղական համայնքային խորհրդակցական խմբերի ստեղծումը, ծրագրի իրականացման նախապատրաստման գործում Ծրագրի իրականացման գրասենյակին աջակցելու նպատակով կազմակերպվող դասընթացները, տրամադրվող տեխնիկական աջակցությունը։

3. Փոխառուն պարտավորվում է կանխավճարի հանված եւ չմարված գումարների դիմաց վճարել մեկ տոկոսի երեք քառորդի դրույքաչափով տարեկան սպասարկման վճար կամ շահադրույք՝ շահադրույքի ժամանակահատվածի փոփոխական տոկոսադրույքով։ Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, որպես փոխառու, ստանձնում է նաեւ Միջազգային զարգացման ընկերակցությանը ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու, կանխավճարի միջոցներով կատարված բոլոր ծախսերն արտացոլող գրանցումներ եւ առանձին հաշիվներ վարելու պարտավորություններ։

4. Քննության առարկա նամակ-համաձայնագրին կից հավելվածներն ամրագրում են Փոխառուի՝ աշխատանքների կատարմանը նպաստելու նպատակով Հատուկ հաշիվ բացելու իրավունքը, կանխավճարից հանումներ կատարելու, կանխավճարի հաշվից հատուկ հաշվին ավանդադրումներ կատարելու, դրանից վճարումներ կատարելու կարգը։

5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննության առարկա նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները, միտված լինելով աղքատության նվազեցման ծրագրի իրականացմանը, համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, քանի որ նման ծրագրի իրականացումը բխում է ՀՀ Սահմանադրության 1 հոդվածում ամրագրված սոցիալական պետության բնույթից եւ Սահմանադրության 31 հոդվածով սահմանված բավարար կենսամակարդակի իրավունքի իրացման մասնակի երաշխիք է։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2002թ. մայիսի 7-ին Երեւանում ստորագրված՝ «Կանխավճար բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագրի նախապատրաստման համար» PPF Q320-0 AM նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

4 հունիսի 2002 թվականի
ՍԴՈ - 364

print page Տպել էջը