ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈւԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2002Թ. ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ ԱԲՈՒ ԴԱԲԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 19 օգոստոսի 2002 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ . Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին 2002թ. ապրիլի 20-ին Աբու Դաբիում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա պայմանագրի նպատակն է փոխադարձ իրավական օգնության միջոցով նպաստել երկու երկրներում հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաեւ հանցագործության գործիքների եւ միջոցների հայտնաբերման, առգրավման կամ բռնագրավման արդյունավետությանը։

2. Պայմանագրով սահմանվում են իրավական օգնության վերաբերյալ հարցումներին ներկայացվող պահանջները եւ օգնությունը մերժելու հիմքերը, ինչպես նաեւ կանոնակարգվում են փաստաթղթերի եւ առարկաների փոխանցման հետ կապված հարաբերությունները։

3. Պայմանագրի 9 հոդվածով սահմանվում են երաշխիքներ՝ ի պատասխան անձի ներկայությունը պահանջող հարցման՝ հայցող կողմի տարածք ներկայացած անձի համար։ Նման անձը չի կարող այդ կողմի տարածքում քրեական հետապնդման ենթարկվել, կալանավորվել կամ ենթարկվել անձնական ազատության որեւէ այլ սահմանափակման այնպիսի արարքների համար, որոնք նախորդել են հայցվող կողմի տարածքից այդ անձի մեկնելուն, բայց նշված չեն հարցման մեջ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին 2002թ. ապրիլի 20-ին Աբու Դաբիում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

19 օգոստոսի 2002 թվականի
ՍԴՈ - 370

print page Տպել էջը