ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ ԲԻՇԿԵԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 24 սեպտեմբերի 2002 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Ե. Զախարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2002 թվականի ապրիլի 4-ին Բիշկեկում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ հարկային օրենսդրության պահպանման հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2002 թվականի ապրիլի 4-ին՝ Բիշկեկում, որի նպատակը Կողմերի միջեւ հարկային օրենսդրության պահպանման հարցերով համագործակցություն եւ փոխադարձ օգնություն իրականացնելն է։

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է հարկային օրենսդրության պատշաճ կատարումն ապահովելու նպատակով հարկային իրավասու մարմինների միջոցով մյուս Կողմին փոխադարձ աջակցություն ցուցաբերել, մասնավորապես կապված՝

- հարկատուների գրանցման, ներառյալ նրանց գտնվելու վայրի, ստորադասության, սեփականության ձեւի մասին տեղեկությունների փոխանակման հետ,

- հարկման օբյեկտների եւ Կողմերի տարածքներում ստացված եկամուտների, վճարված հարկերի գումարների կամ հարկման հետ կապված այլ տեղեկատվության փոխանակման հետ,

- ազգային հարկային համակարգերի, հարկային օրենսդրության փոփոխությունների եւ լրացումների, հարկային օրենսդրության պահպանման վերահսկողության ապահովման վերաբերյալ տեղեկատվության եւ մեթոդական ցուցումների փոխանակման հետ,

- հարկային մարմինների աշխատանքն ապահովող համակարգչային համակարգերի ստեղծման եւ գործադրման հետ,

- կադրերի ուսուցման եւ փոխանակման, համատեղ գործողություններ պահանջող համագործակցության այլ ձեւերի մշակման եւ օգտագործման հետ։

3. Ըստ համաձայնագրի՝ հարկային օրենսդրության պահպանման հարցերով համագործակցությունն ու փոխադարձ օգնությունն իրականացվում են աջակցության մասին հարցումների հիման վրա։ Աջակցության մասին հարցումը կարող է մերժվել, եթե դրա կատարումը հակասում է հարցումն ստացող Կողմի հարկային օրենսդրությանը կամ վարչարարական պրակտիկային։

Ըստ համաձայնագրի՝ հարցում ստացող Կողմը կրում է իր տարածքում աջակցության մասին հարցումը կատարելու հետ կապված բոլոր ծախսերը։

4. Իրավասու հարկային մարմինները միմյանց աջակցում են ազգային օրենսդրությանը համապատասխան եւ իրենց իրավասության սահմաններում։

Համաձայնագրում նաեւ նախատեսված են դրույթներ՝ կապված փաստաթղթերի եւ այլ նյութերի ներկայացման, տեղեկատվության փոխանցման, փոխանցվող նյութերի գաղտնիության պահպանման կարգի եւ այլ հարցերի հետ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2002 թվականի ապրիլի 4-ին Բիշկեկում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ հարկային օրենսդրության պահպանման հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

24 սեպտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ - 382

print page Տպել էջը