ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 27 դեկտեմբերի 2002 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Ե. Զախարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին 2002 թվականի հունիսի 14-ին Հռոմում ստորագրված կոնվենցիայում (լրացուցիչ արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան (լրացուցիչ արձանագրությամբ) եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն կոնվենցիան (լրացուցիչ արձանագրությամբ) ստորագրվել է 2002 թվականի հունիսի 14-ին՝ Հռոմում: Կոնվենցիայի նպատակը Կողմերի տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ եկամուտների կրկնակի հարկման, հարկումից խուսափելու եւ հարկային խտրականության անթույլատրելիությունն է։

2. Կոնվենցիայով սահմանված են գործող հարկերի տեսակները, հարկման օբյեկտները, կրկնակի հարկումը բացառելու եղանակներն ու դեպքերը։

3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- չհարկել Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներ եւ Իտալիայի Հանրապետության ռեզիդենտներ հանդիսացող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ձեռնարկատիրական գործունեությունից Հայաստանի Հանրապետությունում ստացված շահույթը, եթե այն չի ստացվել Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատության միջոցով,

- հարկել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից Իտալիայի Հանրապետության ռեզիդենտին վճարվող շահաբաժինները, եթե գանձվող հարկը չի գերազանցում շահաբաժինների համախառն գումարի 5 %-ը, երբ ներդրված կապիտալը գերազանցում է 100.000 ԱՄՆ դոլարը,

- հարկել Հայաստանի Հանրապետությունում առաջացող եւ Իտալիայի Հանրապետության ռեզիդենտին վճարված ռոյալթին, եթե գանձվող հարկը չի գերազանցում ռոյալթիի համախառն գումարի 7 %-ը, իսկ վճարվող ռոյալթիի ստացումը կապված չէ Հայաստանի Հանրապետությունում գտնվող՝ Իտալիայի Հանրապետության ռեզիդենտի մշտական հաստատության հետ,

- ծանուցել հարկային օրենքներում կատարված փոփոխությունների մասին,

- ապահովել համաձայնագրով նախատեսված գործողությունների փոխհամաձայնեցումը։

4. Կոնվենցիայի անբաժանելի մասն է կազմում 2002 թ. հունիսի 14-ին Հռոմում ստորագրված Լրացուցիչ արձանագրությունը, որով հստակեցված են կոնվենցիայի մի շարք հոդվածների դրույթներ։

5. Կոնվենցիայի դրույթները ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (հոդվածներ 4, 8, 9) կոչված են Կողմերի միջեւ հաստատելու բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ, ստեղծելու բարենպաստ պայմաններ տնտեսական գործունեության ազատության համար, ապահովելու մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը եւ այլն։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին 2002 թվականի հունիսի 14-ին Հռոմում ստորագրված կոնվենցիայում (լրացուցիչ արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27 դեկտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ - 403

print page Տպել էջը